«Մեկը դատարկ-դատարկ բաներ է ասում ու դառնում կինոյի տղան». Գագիկ Ծառուկյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի է, որ Հրայր Թովմասյանի աղջիկներին կանչել են ԱԱԾ և հարցաքննել:

«Եթե այսօր հիմնական խնդիրը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է, ապա խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս կողմ կլինենք՝ թող պատժեն: Մենք կողմ չենք հանցագործությանը, ուզում ենք, որ պատիժ լինի:

Բայց որպես հայ ու ընտանիքի մարդ՝ տեսնելով, որ 16 տարեկան աղջկան կանչում են հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ՝ ինձ համար անընդունելի է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացները քաղաքակա՞ն են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ կրկնելով, որ, եթե հիմնական խնդիրը կապված է Հրայր Թովմասյանի հետ, ապա թող հանցակազմ ներկայացնեն:

«Բայց նման քայլերով անհարմար վիճակի մեջ են դնում ՀՀ վարչապետին, նշանակում է՝ այդ մարդիկ չեն համապատասխանում իրենց պաշտոնին: ՍԴ-ի հետ կապված հարցի ուսումնասիրությունը հանձնարարել էինք մեր փորձագետներին, ինչը ներկայացրեցինք, որևէ հանցակազմ, իրավական հիմք չկար, նման դատարկ-դատարկ խոսելն անհարմար է, տեսաք, որ ԱԺ-ի նախագիծը գնաց ՍԴ, իսկ այնտեղից մերժեցին: Մարդիկ չպետք է վատ վիճակի մեջ դնեն, նրանք իրենց պաշտոնին պետք է տիրապետեն, հասկանան դիմացինին»,- շեշտեց նա:

Գագիկ Ծառուկյանի խոսքով, եթե ասում են, որ ՍԴ նախագահը լեգիտիմ չէ, ապա թող հիմնավորումներ բերեն, և ինքը տեսնի:

«Այդ հարցն այսօր ո՞վ է բերել դրել քննարկման, մենք ասում ենք՝ պատրաստ ենք քննարկել, բայց այսօր մեկը դատարկ-դատարկ բաներ է ասում ու բոլորին շփոթության մեջ գցում, որից հետո դառնում է այդ կինոյի հերոսը կամ կինոյի տղան»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս