Պենտագոնը պատրաստվում է Աֆղանստանից զորքի ամբողջական դուրսբերմանը. NBC
Պենտագոնն սկսել է Աֆղանստանից զորքերի լրիվ դուրսբերման պլանի նախապատրաստումը: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության ներկայացուցիչներին:
Ինչպես նշում են աղբյուրները, նախապատրաստումը պլանավորման փուլում է եւ իրականացվում է որպես «նախազգուշական միջոց» այն դեպքում, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն հայտարարություն անի Աֆղանստանից զորքերի լիամասշտաբ դուրսբերման մասին, ինչպես դա պատահեց Սիրիայից զորակազմի դուրսբերման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ: Առայժմ Սպիտակ տնից կարգադրություն չի ստացվել զորքերն Աֆղանստանից ամբողջությամբ դուրս բերելու մասին, ճշտում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ New York Times հրատարակությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է կրճատել ռազմական ներկայությունն Աֆղանստանում եւ այնտեղից դուրս է բերել երկու հազար զինծառայողների, չնայած «Թալիբան»-ի հետ համաձայնագրի բացակայությանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող է Աֆղանստանում ռազմական ներկայությունը կրճատել մինչեւ 8,6 հազար մարդ՝ ընդսմին չվնասելով «Ալ Քաիդա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող հակաահաբեկչական գործողությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: