Չիլիում շարունակվող անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի. EFE
Չիլիում առնվազն 13 մարդ է զոհվել շարունակվող անկարգությունների ընթացքում: Այդ մասին, հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: Ինչպես նշել են իրավապահ մարմիններում, բողոքների ընթացքում Սանտյագոյի մետրոպոլիտենի կայարաններին ու գնացքներին հասցված վնասը գնահատվում է 300 մլն դոլար:
«Վանդալների գործողությունների պատճառով հարկ կլինի վերականգնել մետրոյի բոլոր կայարանների 40 տոկոսը»,-հայտարարել է մայրաքաղաքի գետնուղու ղեկավար Ռուբեն Ալվարադոն: Անկարգությունների պատճառով Սյանտյագոյի իշխանությունները հոկտեմբերի 22-ին չեղարկել են պարապմունքները դպրոցներում:
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրում անկարգությունների հետ կապված իրադրությունը, որոնք շարունակվում են մի քանի տարածաշրջաններում, համեմատել է պատերազմի հետ: «Մենք պատերազմի մեջ ենք: Մենք ունենք զորեղ, անխնա թշնամի, որի համար ոչ մի սրբազան բան չկա, որը պատրաստ է ուժ կիրառել առանց որեւէ սահմանափակման, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին»,- ասել է պետության ղեկավարը ուղերձում, որը հեռարձակվել է 24 Oras հեռուստաալիքի եթերում:
Բողոքները, որոնք վերաճել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների, Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ մետրոյով երթեւեկության արժեքը միջինին հաշվով բարձրացվեց 30 պեսոյով (0,04 դոլարով)՝ մինչեւ առավելագույն 850 պեսո (1,2 դոլար): Ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել է մայրաքաղաքում եւ մի շարք քաղաքներում:
Պինյերան նաեւ որոշում է ընդունել չեղարկել հասարակական տրանսպորտով երթեւեկության գների բարձրացումը, մինչդեռ հրկիզումներն ու կողոպուտները շարունակվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: