Ճապոնիայի կայսրը պաշտոնապես հայտարարեց իր գահակալության մասին
Ճապոնիայի Նարուհիթո կայսրը հոկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել է իր գահակալության մասին՝ երկրի Սահմանադրությանը եւ կայսերական տան վերաբերյալ օրենքին համապատասխան: Նրա ուղերձը հնչել է գահակալության արարողության ժամանակ, որն ընթանում է Տոկիոյում:
«Ես գահ եմ բարձրանում Սահմանդրությանը եւ կայսերական տան մասին օրենքին համապատասխան: Անցկացնելով գահակալության արարողությունը՝ մենք այդ մասին հայտարարում ենք երկրին ու ամբողջ աշխարհին»,- ասել է միապետը:
Արարողությանը մասնակցելու համար Ճապոնիա են ժամանել 174 երկրների ու տարածքների 400 ներկայացուցիչներ, ներառյալ 70-ից ավելի միապետներ ու պետությունների ղեկավարներ: Կայսրին շնորհավորելու են հրավիրված նաեւ ճապոնական հասարակության բոլոր խավերի մոտավորապես 1600 ներկայացուցիչներ՝ իշխանության օրենսդիր, գործադիր ու դատական թեւերի ղեկավարներ, կաբինետի անդամներ ու նախկին վարչապետներ, պրեֆեկտուրաների նահանգապետներ, գիտնականներ, մարզիկներ, գրողներ, գործարարներ:
Նարուհիթոն կայսեր լիազորություններն ստացել է մայիսի 1-ին այն բանից հետո, երբ ապրիլի 30-ին հանգստի անցավ 85-ամյա Ակիհիթոն: Տակավին 2016 թվականին նա ցանկություն էր հայտնել հրաժարվել գահից տարիքի կապակցությամբ: Ճապոնիայի օրենսդրությունը միապետից պահանջում է իր պարտականությունները կատարել մինչեւ կյանքի վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: