Բաժիններ՝

«2018-ի ձեռքբերումներն ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից». Սարհատ Պետրոսյան

2018-ի ձեռքբերումները մենք ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել աջակցող խոսքերի համար, հայտնել, որ արձակուրդ է վերցնում վաղվանից՝ խոստանալով պատասխանել այս օրերին հնչած հարցադրումներին ու քննադատությանը:

«Մինչ այդ, բոլորին ուղղակի խորհուրդ կտամ հապշտապ եզրահանգումներ չանել ու որոշումներ չընդունել, քանի որ մեր բնագավառը խորքային բարեփոխման կարիք ունի և վերադարձ անցյալին դա մեղմ ասած կլինի չմտածված քայլ։ Եվ, ինչպես նշել էի իմ նախորդ հայտարարությունում, 2018-ի ձեռքբերումները մենք ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից, որոնք՝ օգտվելով հետհեղափոխական շրջանին հատուկ վայրիվերումներից, դրանք վարկաբեկելու կամ իրենց անձնական բարեկեցության համար օգտագործելու փորձեր կանեն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ հրաժարվում է այդ պաշտոնից՝ նկատելով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում:

«Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս»,- գրել էր Սարհատ Պետրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս