«Ոչ ոք իրավունք չունի իրականացնելու խուժանային, փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան

«Չորրորդ իշխանությունն ուղղակի դերակատարություն ունի երկրի կայացման գործում»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով «Հայելի» ակումբի վրա հարձակման հայտնի միջադեպին՝ ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Նա հիշեց 90-ականներին 4-րդ իշխանության դերը՝ հիշեցնելով նաև  լրատվամիջոցների կայացման անցած դժվարին ճանապարհը.

«Բոլորդ եք հիշում գրասենյակներ փակելը, կոտրելը, շինծու քրեական գործեր հարուցելը, ահաբեկելը, շանտաժի ենթարկելը: Այսօր մենք ունենք կայացած 4-րդ իշխանություն, և ոչ ոք իրավունք չունի իրականացնելու խուժանային, փողոցային արդարադատություն: Միանշանակ դատապարտում եմ՝ կարևոր էլ չէ՝ «Հայելի» ակո՞ւմբն է, թե՞ «Հայկական Ժամանակը»»:

Ի դեպ, փաստաբանը տեղեկացրեց նաև, որ իր վարույթում ունի մի քանի տասնյակի հասնող գործեր, որով փորձում են մամուլին դատի տալ և կաշկանդել մամուլի ազատ գործունեությունը. «Այո՛, մամուլն իրավունք ունի նաև քննադատելու, այդ ամենն ամրագրված է՝ ինչպես բարձր ատյանների, նախադեպային որոշումներով, այնպես էլ՝ ՄԻԵԴ-ի նախադեպային դատական ակտերով: Առանց չորրորդ իշխանության՝ պետք է մոռանալ ազատ-արդար Հայաստանի մասին»:

Հիշեցնենք, որ հոտեմբերի 5-ին Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը գնացել էին «Հայելի» մամուլի ակումբ և ձվեր նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։

Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն էր եղել։

Ակցիայի մասնակիցները նշել էին, որ պատրաստվում էին նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս