Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 21-ին այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարար Արմեն Սիմոնյանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ նախարարը շրջել է կայարանի տարածքում, եղել կոնտեյներային տերմինալում և դիագնոստիկ կենտրոնում, ծանոթացել երկաթուղու գործունեությանը և ընթացիկ խնդիրներին։
Շրջայցի ընթացքում անդրադարձ է եղել բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալներին, երկաթուղու արդիականացմանն առնչվող հարցերին։ Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է ենթակառուցվածքների արդիականացման և տեխնիկական վերազինման ուղղությամբ կատարված քայլերը, իսկ լոկոմոտիվային դեպոյում՝ Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող էլեկտրա և ջերմաքարշերի, էլեկտրագնացքների, բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, տեխնիկական զննումը և սպասարկումը:
Նախարարն այցելել է նաև երկաթուղու ուսումնական կենտրոն, ծանոթացել երկաթուղայինների մասնագիտական ունակությունների կատարելագործման գործընթացի կազմակերպմանը։
Երկաթուղու տրանսպորտային ծառայությունների կենտրոնում ներկայացվել է բեռնափոխադրումների կառավարման էլեկտրոնային համակարգը, մասնավորապես, բեռի փոխադրման պայմանների և ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվության ստանալու արագ և դյուրին հնարավորությունները։