Բաժիններ՝

Դատարանը մերժեց Ասանժի արտահանձնման գործի քննությունը հետաձգելու փաստաբանների խնդրանքը. Reuters

Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանը հոկտեմբերի 21-ին մերժել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանների խնդրանքը՝ երեք ամսով հետաձգելու ԱՄՆ նրա արտահանձնման մասին գործի հետաքննությունը: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, գործն ըստ էության քննվելու է 2020 թվականի փետրվարին, ինչպես որ ավելի վաղ պլանավորվում էր:

Ասանժը, որը վերջին մի քանի ընթացակարգային լսումների ընթացքում չէր հայտնվում դատարանի դահլիճում, այս անգամ դատարան էր բերվել Բելմարշի բանտից:

Դատարանի շենքի առջեւ հավաքվել էին Ասանժի մոտավորապես 100 կողմնակիցներ, որոնք կոչ էին անում Մեծ Բրիտանիային՝ նրան չհանձնել ԱՄՆ-ին, որտեղ WikiLeaks-ի հիմնադրին մինչեւ 175 տարվա բանտարկություն է սպառնում հաքերային գործունեության համար:

Ասանժի արտահանձնման գործի շուրջ հերթական լսումները տեղի կունենան նոյեմբերի 18-ին: Daily Mail թերթը՝ վկայակոչելով Ասանժի փաստաբանների պլաններին իրազեկ աղբյուրներ, հոկտեմբերի 21-ին հայտնել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող է ձգվել վեց տարի եւ բրիտանացի հարկատուների վրա կնստի 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով): «Նա դատարանում պայքարելու է այնքան, որքան պահանջվի»,-հրատարակությունը մեջբերել է Blueprint for Free Speech բարեգործական ընկերության ներկայացուցիչ Նաոմի Կոլվինի խոսքը:

Պայքարը մղվելու է «ընդհուպ մինչեւ Գերագույն դատարան, ինչպես նաեւ, եթե հարկ լինի, Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը»,-նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս