ԵԽԽՎ-ում պահանջել են ազատել Բաքվի հանրահավաքում անօրինականորեն ձերբակալվածներին
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներն անհանգստություն են հայտնել Բաքվում բողոքի չարտոնված ակցիան ցրելիս ոստիկանության կողմից ուժի կիրառման կապակցությամբ եւ պահանջել են ազատել այդ ակցիայի ընթացքում բոլոր ձերբակալվածներին: Համապատասխան հայտարարությունը տարածվել է հոկտեմբերի 21-ին:
«Մենք կոչ ենք անում իշխանություններին՝ վերացնել խաղաղ ցույցերի սահմանափակումները, ազատել բոլոր անօրինականորեն ձերբակալվածներին եւ հետաքննել ենթադրյալ կտտանքների եւ ոչ ճիշտ վարվելակերպի դեպքերը»,-ասված է Շտեֆան Շեննահի (Ավստրիա) եւ Ռոջեր Հեյլի (Մեծ Բրիտանիա) հայտարարության մեջ, որոնք ոստիկանության գործողությունները համարում են «անհամաչափ եւ անհամամասնական»:
Իրենց ուղերձում խորհրդարանականները պնդում են, որ փողոցային ակցիայից մեկ օր առաջ ձերբակալվել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առնվազն տասն անդամ, որոնք դատապարտվել են 60 օրվա վարչական կալանքի:
«Այս վշտալի իրադարձությունները հարկ է դիտել ժողովների ազատության շարունակվող խախտման եւ (ավելի լայն առումով) կառավարության քննադատների ու հակառակորդների գործունեությանը խանգարող սահմանափակումների իրավիճակի համատեքստում»,-գրում են պատգամավորները:
Հոկտեմբերի 19-ին Բաքվում ոստիկանությունը կասեցրել է քաղաքի կենտրոնում չարտոնված հանրահավաք անցկացնելու ընդդիմադիր կազմակերպության փորձը: Ձերբակալվել է 60 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: