«Քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը երբևէ վարկային միջոցների մասին չեն խոսել, պետք է լինի ներդրումային ծրագիր». Մարությանի խոսնակը՝ մետրոյի կայարանի կառուցման մասին
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ տեղեկություններ կան, որ քաղաքապետարանը դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ), որպեսզի վերջինս ֆինանսավորի մետրոյի նոր կայարանների կառուցումը, սակայն ՎԶԵԲ-ը գումարը չի տվել:
«Հաշվարկները հետևյալն են. եթե մետրոն «Թումոյի» մոտ են հասցնում, նախագծի արժեքը կազմում է մոտ 90 մլն դոլար, քանի որ այդ հատվածի մեծ մասը դեռ կառուցվել է տասնյակ տարիներ առաջ։ Եվ այդ նախագծից օգտվելու է ընդամենը օրական 3000 մարդ, որը ոչ օպտիմալ է նման ներդրման պարագայում։ Իսկ եթե մետրոն հասցնում են մինչև Հանրապետական հիվանդանոցի մոտ, ապա ուղևորահոսքը կհասնի 10-15 հազարի, սակայն այդ դեպքում կպահանջվի մոտ 300 մլն դոլար։ Այլ հարց է, որ այդ ներդրման արդյունքում կստեղծվի ընդամենը մոտ 50 աշխատատեղ, որը նույնպես անարդյունավետ ծախս է դառնալու։ Այստեղ ավելի կարևոր է, որ Երևանին ՎԶԵԲ-ը գումարը չի տվել։ Տեսականորեն այդ ծրագրի համար ՎԶԵԲ-ը կարող է վարկ տալ Հայաստանի կառավարությանը, բայց այդ դեպքում էլ կփոխվի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, մինչդեռ պետությունն ավելի կարևոր տեղ կարող է ներդրում անել և ավելի մեծ օգուտ ստանալ։
Հ.Գ. Սիրելի երևանցիներ, այսքան մանրամասն ու մասնագիտական մեջբերումներով գրելուս իմաստն այն է, որ եթե քաղաքապետարանը հաստատի այս ինֆորմացիան, ապա դուք պետք է տեղյակ լինեք։ Եվ ես վստահ կարող եմ պնդել, որ այս քաղաքապետը խաբել է ձեզ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու։ Ահա թե #մետրոնինչեղավ»»,- գրել էր Բաղդասարյանը:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ պարբերաբար հանդիպում են և տարբեր ծրագրեր են քննարկում:
«Այո՛, հայտնի փաստ է, որ ՎԶԵԲ-ն աջակցում է մետրոյի նոր կայարանի շահագործման, սպասարկման հարցերում: Ինչ վերաբերում է գրառման այն հատվածին, որ մետրոյի նոր կայարան չի կառուցվի, որովհետև բանկը չի ֆինանսավորի, սա մոլորեցնող պնդում է: Կամ մարդը պետք է անտեղյակ լինի, կամ միտումնավոր փորձի մոլորեցնել և խեղաթյուրել հանրային կարծիքը: Արդեն մեկ տարի և ավելի մետրոպոլիտենի զարգացման ծրագրերի վերաբերյալ խոսելիս քաղաքապետարանի պաշտոնյաները, անձամբ քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը երբևէ վարկային միջոցների մասին չեն խոսել: Խոսվում է, որ պետք է լինի ներդրումային ծրագիր, նախնական ներկայացրել ենք առաջարկը, թե ինչեր այնտեղ պետք է լինեն՝ առևտրի, զվարճանքի, բնակելի համալիրներ, և դա պետք է արվի ներդրումային ծրագրի միջոցով: Իսկ ներդրումների հետ կապված՝ ընթանում են քննարկումներ ներդրողների հետ, և որոշակիանալու պարագայում անպայման այդ մասին տեղյակ կպահենք»,- նշեց Հակոբ Կարապետյանը:
Անի Կարապետյան