«Երկու հոդվածով 30 միլիարդ դրամ միանշանակ ավելացում է եղել 2020 թվականի բյուջեի մեջ». Արծրուն Հովհաննիսյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, «ԱրԱր» հիմնադրամի խորհրդի հիմնադիր նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն է հայտնել, թե «ՀՀ Կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերի աճը, այն պայմաններում, երբ ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 2020 թ․ 14%-ով»:

«Հոկտեմբերի 18-ին հրապարակվել է Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը։ Թեև ընդհանուր պետական բյուջեի ծախսերն աճում են ընդամենը համեստ 1,7%-ով, պաշտպանական բյուջեն աճում է ամբողջ 20,9%-ով՝ հասցվելով 2,267 մլրդ ԱՄՆ դոլարի, ընդ որում՝ դրանից 945 մլն դոլարը նախատեսվում է սպառազինությունների գնման և ռազմաարդյունաբերական ներդրումների համար։ Հակառակորդը նույնիսկ գնում է այլ ծախսային հոդվածների կրճատման՝ պաշտպանական բյուջեն ավելացնելու համար, սա աննախադեպ երևույթ է վերջին տասնամյակի ընթացքում»,- նշել է Չալաբյանը՝ շեշտելով, որ այս իրողության  պայմաններում ՀՀ Կառավարության ներկայացրած 2020 թ․ բյուջեի նախագիծն առնվազն տարակուսանք է առաջացնում:

Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն  ասաց, որ ռազմական բյուջեն բավականին բարդ կազմված փաստաթուղթ է, որտեղ պաշտոնական ֆինանսական մասերն ամբողջությամբ չեն արտահայտում իրականությունը:

«Պաշտպանական բյուջեում միշտ կան գաղտնի հոդվածներ, դրանում մեծ տեղ ունեն կառավարության պահուստային միջոցները, վարկային միջոցները, նվիրատվությունները և բազում այլ հոդվածներ, որոնք, գաղտնիության սկզբունքից ելնելով՝ չեմ կարող ասել: Դրա համար այսպես նայել ու ծախսերի մասով հստակ ասել, թե ինչ միջոցներ ինչքան են ավելացվել կամ ինչքան չեն ավելացվել պաշտպանական բյուջեի վրա, դժվար է: Միայն կարող եմ ասել, որ երկու հոդվածով  30 միլիարդ դրամ միանշանակ ավելացում է եղել 2020 թվականի բյուջեի մեջ»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ որոշ հոդվածներով նաև 2019-ի բյուջեում է ավելացում եղել:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս