«Մենք նիկոլական չենք, ու ինչքան էլ մեզ բռնեն, ինչքան էլ կալանավորեն, մեր բերանները չեն կարող փակել». Բողոքի ակցիա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների՝ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ նրանք կալանավորվել են սեպտեմբերի 30-ին՝ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով:

Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին ձերբակալել, ապա կալանավորել էին դատավոր Աննա Դանիբեկյանի տված հաղորդման հիման վրա: Ըստ դատավորի հաղորդման՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, որոնք սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են: Նրանցից մեկը, որը ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության մասին: Նա հարցրել է՝ արդյո՞ք դատավոր Դանիբեկյանը պատկանում է «վնգստացող դատավորների» շարքին:

Դատարանը երիտասարդներին ձերբակալել էր նախ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով, հետո փոխել էին մեղադրանքը, և արդյունքում՝ Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին կալանավորել էին արդարադատությանը խոչընդոտելու կասկածանքով: Դատարանի հենց այդ որոշման դեմ էին փաստաբանները բողոք ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան:

Դատարանի մոտ այսօր ակցիա են իրականացրել կալանավորված երիտասարդների հարազատներն ու աջակիցները: Նրանք պնդում են, որ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը քաղաքական բանտարկյալներ են և հիմա բանտում են իրենց գաղափարների և Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար:

«Մենք նիկոլական չենք, ու ինչքան էլ մեզ բռնեն, ինչքան էլ կալանավորեն, մեր բերանները չեն կարող փակել, որովհետև մենք պետականամետ մարդիկ ենք, մենք իշխանության չենք ձգտում, մենք ձգտում ենք, որ մեր երկիրը լինի օրենքի գերակայություն ունեցող երկիր: Մենք պետականամետ մարդիկ ենք ու չենք տա մեր երկիրն արկածախնդիրներին, որ վարվեն այս երկրի հետ այնպես, ինչպես ուզում են»,- Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց կալանավորված Նարեկ Մութաֆյանի քույրը՝ Անահիտ Մութաֆյանը:

Նա վստահ է, որ Հայաստանում հիմա կա 4 քաղբանտարկյալ, և «չկա պետականություն»:

Անահիտ Մութաֆյանն ու այլ աջակիցներ ակցիայի ժամանակ նստել էին դատարանի մուտքի աստիճաններին: Ոստիկաններն ասել են, որ թույլ չտրված հատվածում են նստած, և հորդորել էին դադարեցնել ակցիան, բացել դատարանի մուտքն ու ելքը:

Ակցիայի մասնակիցները դրանում իրենց գործունեությունը խոչընդոտելուն ուղղված հստակ միտում են տեսնում: Վստահ են՝ ոստիկաններն իրենց ձերբակալելու հրահանգներ ունեն:

«Ի տարբերություն նիկոլյան իշխանության, մենք հարգում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, հարգում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանին, ավելի բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ոստիկանի ուսադիրները, քան այսօր ոստիկանապետը և իշխանությունը: Եվ մենք չենք ուզում գնալ բախումների, քանի որ հստակ հասկանում ենք, որ ոստիկանությունը այսօր կատարում է իշխանությունների պահանջը, իշխանությունների հրամանները: Քանի որ կա հրաման՝ բոլորիս այստեղից բերման ենթարկել ոստիկանության բաժին, իսկ մենք պետք ենք դրսում, քանի որ մեր պայքարը արդար է, չենք ուզում դառնալ քաղբանտարկյալներ, հարգում ենք ՀՀ ոստիկանների հորդորը և խնդրում ենք իրենցից 15 րոպե ժամանակ այս աստիճանները լքելու համար»,- ոստիկանության հորդորին ի պատասխան՝ հայտարարեց Անահիտ Մութաֆյանը:

Դատարանի մոտ էր նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նրա գնահատմամբ՝ աբսուրդ է երիտասարդներին առաջադրված մեղադրանքը: Ըստ նրա՝ այսօր իրականացվող ապօրինությունները բոլորի համար ակնհայտ են, բոլորն են հասկանում:

«Պարզ տեսնում ենք, որ կոնկրետ նպատակ կա: Այն դատավորը, որն իրենց հաճո, իրենց համար լավ որոշում է կայացնում, իրեն ասել, որ՝ այ, դու բոլոր ապօրինություններին կարող ես դիմել, ամեն ինչ անել, ու մենք քո մեջքին կկանգնենք՝ անգամ փոքր ինչ-որ բաների դեպքում: Իսկ մյուս դատավորները, ովքեր չեն ենթարկվում իրենց, իրենց ուզած որոշումը չեն կայացնում, իրենց հանդեպ ամեն ինչ թույլատրվում է: Նույնիսկ իրենք պետական լծակներ օգտագործելով՝ գործ են հարուցում, դատավորի լիազորություններ են կասեցնում»,- ասաց Լևոն Քոչարյանը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս