Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ը զորակազմ կպահպանի նավթավայրերի մերձակա գյուղերում
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ամերիկյան զորքի մի մասը կպահպանի իր ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքի նավթի հանքավայրերի մերձակա գյուղերում։
«Ամերիկյան զորքի դուրսբերման գործընթացը կտեւի շաբաթներ, այլ ոչ թե մի քանի օր: Դրա մի մասը կմնա Սիրիայի հյուսիս-արեւելքի նավթադաշտերին հարող գյուղերում, որպեսզի թույլ չտրվի ԻՊ-ի եւ այլ խմբավորումների վերադառնալու հնարավորությունն այդ ռեսուրսների օգտագործման համար»,-ասել է Էսփերը Քաբուլում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ անցկացված մամուլի ասուլիսում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հավելել է, որ առայժմ վերջնական որոշում չի ընդունվել Սիրիայի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ:
Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հակվում է այն բանին, որ Սիրիայի արեւելքում թողնվի մոտավորապես 200 մարդուց բաղկացած զորակազմ: Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել հատուկ նշանակության զորքերին: Նախատեսվում է, որ դրանք կմասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ինչպես նաեւ «կարգելափակեն ռուսական ուժերի եւ սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ:
Հրապարակման մեջ ճշտվում է, որ ամերիկացի զինվորականները կօգնեն քրդերին պահպանել հսկողությունը այդ շրջանների նկատմամբ: Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան այդ ուժերը կարող էին տեղակայվել Սիրիայի եւ Իրաքի միջեւ սահմանում: Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի պաշտոնատարներն արդեն քննարկել են այդ հնարավորությունը: Հրապարակման մեջ արձանագրվում է, որ Թրամփն ավելի վաղ քանիցս փոխել է իր պլանները Սիրիայի նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: