Թիմ Քուկը գլխավորել է Ցինհուայի համալսարանի բիզնես-դպրոցի կոնսուլտատիվ խորհուրդը
Apple ամերիկյան կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուկն ստանձնել է Ցինհուայի համալսարանի (Պեկին) էկոնոմիկայի եւ կառավարման դպրոցի կոնսուլտատիվ խորհրդի նախագահի պաշտոնը: Այդ մասին ասված է բուհի հաղորդագրության մեջ, որը զետեղված է WeChat մեսենջերում նրա պաշտոնական էջում:
Հրապարակման համաձայն, Քուկին նշանակելու վերաբերյալ որոշումն ընդունվել է էկոնոմիկայի եւ կառավարման դպրոցի կոնսուլտատիվ խորհրդի 20-րդ նիստի ընթացքում: Apple-ի ղեկավարը նախագահի պաշտոնն զբաղեցնելու է 2019-ից մինչեւ 2022 թվականը:
«Հաջորդ երեք տարում մենք զարգացնելու ենք դպրոցի միջազգային համագործակցությունը եւ բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի հաստատությունը դարձնենք համաշխարհային մակարդակի բիզնես-դպրոց»,-ասել է Քուկը. նրա խոսքը մեջբերված է հաղորդագրության մեջ: Ինչպես հոկտեմբերի 21-ին գրում է Global Times թերթը, ամերիկյան կորպորացիայի ղեկավարի նշանակումը վկայում է «ԱՄՆ-ի ձեռնարկատերերի եւ ձեռնարկությունների հետ համագործակցելու Չինաստանի պատրաստակամությունն ու բարյացակամությունը նրանց նկատմամբ»:
«Սա հիանալի նորություն է (ՉԺՀ-ի եւ Միացյալ Նահանգների») առեւտրական բանակցություններում առկա առաջընթացի ֆոնին»,-ասել է Ֆուդանի համալսարանի (Շանհայ) տնտեսական դիվանագիտության կենտրոնի տնօրեն Ֆուրան Սյու Գոյուն, որի խոսքը մեջբերում է թերթը: Ցինհուայի համալսարանի էկոնոմիկայի եւ կառավարման դպրոցի կոնսուլտատիվ խորհուրդն ստեղծվել է 2000 թվականին:
Դրա մեջ մտնում են իշխանության, ակադեմիական հանրակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, ինչպես նաեւ Չինաստանի եւ աշխարհի այլ երկրերի ու տարածաշրջանների բիզնես-հանրակցության անդամներ: Խորհրդի կազմում են, օրինակ, առեւտրական բանակցություններում Չինաստանի շահերը ներկայացնող ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, Citigroup-ի գործադիր տնօրեն Մայքլ Քորբաթը, Foxconn Technology-ի հիմնադիր Թերի Գոուն, Blackstone ներդրումային խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սթիվեն Շվարցմանը եւ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: