«Վարչապետի խորհրդականը պետք է զբաղվի իր գործառույթներով՝ խորհուրդ տալով». Տիգրան Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համոզված է, որ հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու «Ռյան Էյր» լոուքոսթերին:
«Կարող եք հանգիստ լինել: Եվս մեկ անգամ ուզում եմ հերքել այն բոլոր տեղեկությունները, որ տարածվում էին սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում: Նման բան չկա: «Զվարթնոց» օդանավակայանում այն արտոնությունները, որոնք որ մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք 12 ամիսների ընթացքում «Զվարթնոցից» և դեպի «Զվարթնոց» ուղղություններով կանոնավոր թռիչքներ չեն ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդ արտոնությունը նշանակում է օդի տուրքի չեղարկում:
Վերջինս շեշտեց, որ որևէ այլ արտոնություն չկա:
Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է նրանց օգուտը, Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ ամբողջությամբ ծանոթ չէ նրանց բիզնես ծրագրին, բայց կարծում է, որ այդ ավիաընկերությունները կենտրոնանում են էֆեկտիվության վրա: Փոխվարչապետը նշեց, որ միանշանակ այս որոշումից հետո պետք է ակնկալել նաև նոր լոուքոսթերների մուտքը Հայաստան:
Հարցին, թե մտավախություն չունի՞ արդյոք, որ իռլանդական ավիաընկերությունը հետագայում մենաշնորհային դիրք կգրավի և շուկայից դուրս կմղի մյուսներին, Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ այս արտոնությունները սահմանված են բոլոր այն ավիաընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով կանոնավոր թռիչքներ կիրականացնեն, և սա մրցակցություն կստեղծի:
«Այնուամենայնիվ, միակ բանը եղել է Գյումրիին վերաբերող Եվրամիության և օդանավակայանի միասնական ջանքերի շնորհիվ հավելյալ աջակցությունը, որը էլի պետական բյուջեի և հարկատուների հետ կապ չունի»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ չմանրամասնելով, թե որքան գումարի աջակցության մասին է խոսքը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ քաղավիացիայի գծով վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանն այս հարցով տրամագծորեն հակառակ տեսակետն ունի, ինչ ինքն ու Տաթևիկ Ռևազյանը, և կարծում է, որ այս փուլում լոուքոսթերի մուտքը վտանգավոր է տեղական ավիաընկերությունների զարգացման համար, Տիգրան Ավինյանն ասաց, որ ինքը կարծում է՝ «վարչապետի խորհրդականը պետք է զբաղվի իր գործառույթներով՝ խորհուրդ տալով»:
Գոհար Սավզյան