Բաժիններ՝

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպում կունենան Ճապոնիայում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Վրաստանի նրա պաշտոնակից Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում կանցկացնեն Ճապոնիա իրենց այցի ընթացքում: Այդ մասին ասված է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Երկու պետությունների ղեկավարները Տոկիոյում ներկա են լինելու Ճապոնիայի Նարուհիթո կայսեր գահակալության արարողությանը: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ հարցեր են քննարկելու Հայաստանի եւ Վրաստանի նախագահները: Երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են տարբեր բնագավառներում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում, ինչի մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը: Անցած շաբաթ պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են խորացնել ու ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները

Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մեկնել են Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը:

Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անունից կազմակերպվող ընդունելությանը: Այս արարողություններին ներկա կլինեն աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը երկկողմ հանդիպւմներ կունենա տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ: Նախագահը նաև կայցելի Տոկիոյի ֆոնդային բորսա, Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալություն, ինչպես նաև աշխարհի առաջատար արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Mitsubishi Heavy Industries ընկերություն: Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ քաջալերելու նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին: Նախագահ Արմեն Սարգսյանը նաև դասախոսությամբ հանդես կգա Տոկիոյի համալսարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս