Իրական առաջնորդ լինելու համար կարևոր է, որ մարդ ճանաչի ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի շրջանակում պատասխանել է Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի՝ «առաջնորդ ծնվո՞ւմ են, թե դառնում» հարցին:
«Յուրաքանչյուր մարդ էլ առաջնորդ է, քանի որ ամեն պահի ինքն իրեն է առաջնորդում: Ամեն մարդ ինքն է իր համար որոշում, թե ինչ է պետք անել, առավոտյան արթնանա՝ ուր գնա, բացի այն դեպքերից, երբ պայմանավորվածություններ ունի: Սովորաբար առաջնորդ ասելիս, մարդիկ հասկանում են քաղաքական կամ ղեկավար պաշտոն զբաղեցնող առաջնորդ, բայց կան առաջնորդներ կրթության, գիտության, շրջակա միջավայրը մաքուր պահելու ոլորտներում: Քաղաքական առաջնորդությունը պայմանականություն է: Իրական առաջնորդ լինելու համար ամենակարևորն է, որ մարդ ճանաչի ինքն իրեն: Համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, այլ խնդիր է, թե մենք որքանով ենք պայմաններ ստեղծում, որպեսզի քաղաքացին բացահայտի իր տաղանդները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ մարդու ամենամեծ տաղանդը՝ ինքն իրեն ճանաչել ու սեփական անձն առաջնորդել կարողանալն է: