«Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով». Սարհատ Պետրոսյան
«Մանուկ Վարդանյանի ու ձեզանից շատերի շնորհիվ քաղաքաշինության նախարարությունից պոկվելով՝ սա ժամանակին դարձավ կուռ համակարգ, բայց չի կարող արդյունավետ աշխատել, եթե մնացած մասերում խնդիրներ կան։ Սայթաքումները զգալի են հատկապես գրանցման ոլորտում, բայց մարտահրավերներն ավելի լայն են, և մենք քննարկումներում բազմիցս հանգել ենք այն մտքին, որ խնդիրը կոնկրետ մեր ոլորտում չէ ու լուծման կարիք ունի։ Իսկ որ ոմանք առանց պատկերացում կազմելու՝ ինչ է իրականում Կադաստրը, ասում են, թե Կադաստրը միայն գրանցող մարմին է, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար»,- Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին անցած ուրբաթ հրապարակավ խոսելուն հաջորդած աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին երկուշաբթի ասաց Սարհատ Պետրոսյանը՝ նշելով, որ որևէ այլ պատճառ չկա իր հրաժարականի, որ «մեծագույն հաճույքով աշխատել է 1 տարի 2 ամիս», և որ «կենտրոնական ապարատում երևի արդեն չկա որևէ մեկը, որի հետ չէր ուզենա աշխատել», իսկ եթե մեկը կամ երկուսն էլ կան, համոզված է, որ շուտով կարողանալու էին միասին արդյունավետ աշխատել։
«Բայց և յուրաքանչյուրս ունենք մեր սկզբունքները, ես այս դեպքում՝ նաև մասնագիտական»։
Պետրոսյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց ապարատի աշխատակիցներին, չնայած ասաց, որ աշխատանքի ընթացքում առիթներ ունեցել է բոլորին առանձին շնորհակալություն հայտնելու կատարած լավ աշխատանքի համար։
«Իմ գնալուց հետո, հույս ունեմ, որ վերջերս համակարգ եկածները կաշխատեն առաջվա ռիթմով, հնուց եկածներն էլ կշարունակեն նոր գաղափարներն իրագործել։ Ուզում եմ ձեզ ասել որ, սա ֆանտաստիկ թիմ է»։
Սարհատ Պետրոսյանը նշեց, որ շատ հեշտ է նախկին վիճակին վերադառնալը, բայց հույս հայտնեց, որ նոր ղեկավարությունը «կգնա այն ճանապարհով, որով որ մենք՝ ձեզ հետ»։
Ասաց, որ գլխավոր քարտուղարի և տեղեկալների հետ քննարկել են՝ պետք է այնպես արվի, որ պահպանվի համակարգում սկսված բարեփոխումների կայուն իրականացումը, այնպես չէ, որ բոլորով միասին լքում են համակարգը։
«Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբեք որևէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել, իմ վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել համակարգն արդյունավետ դարձնելու մղումով… Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով»։
Հրաժարական ներկայացրած ղեկավարն ասաց, որ այսօրվա ընթացքում առանձին-առանձին կհանդիպի բոլորի հետ, հետագայի համար ՝ «հեռախոսիս համարն ունեք, ցանկացած հարցով զանգահարեք… Իսկ հիմա, ինչպես ասում են՝ գնացեք, գործ արեք»…
Կադաստրի կոմիտեի լրատվություն