Բաժիններ՝

«Կարող են ընդամենը մի քանի մետր երկաթյա ցանց քաշել՝ իրենց իսկ անվտանգության համար». Վայքի համայնքապետարանը՝ ի պատասխան քաղաքացու բողոքի

«Վայքի ջրատարը մեծ վնաս է հասցնում սեփական տներին: Ջուր են բաց թողնում, կոնկրետ 4 սեփական տների մեծ վնաս է հասցնում: Այսքան ժամանակ դիմել ենք քաղաքապետարան, մարզպետարան, բայց՝ անօգուտ: Ջրատարից բաց թողնված ջուրը փլվածքներ է առաջացնում: Ներկա պահին իմ պտղատու ծառերը ջրի մեջ են»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Արտուշ Թարոյանը:

«Ջրատարը 1960-ական թվականներին սարքել են հիդրոէլեկտրակայանի համար:Այն նախատեսված է նաև ոռոգման համար: 4 տները, որոնք ավելի մոտ ենջրատարին, այսինքն՝ մաքսիմում հեռավորությունը 5-6 մետր է, վնասներ են կրել ու կրում են: Վերջերս նաև երեխա է ջրատարում խեղդվել: Մարդ գլուխ չի հանում.քաղաքապետարանն ասում է՝ մերը չէ, մարզպետարանն ասում է՝ մերը չէ: Հենց հիմա կոնկրետ ջուրն այգուս մեջ լցված է, մեծ վնաս է տալիս՝ չհաշված փլվածքները: Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք խնդրի մասին՝ հորդորելով պատկան մարմիններին ծածկել ջրատարը կամ գոնե վերանորոգել, սակայն ապարդյուն»,- նշել էր Վայքի բնակիչը:

Դիմեցինք Վայքի համայնքապետարան: Համայնքի ղեկավար Թարո Ավետյանի աշխատակազմից հայտնեցին, որ խնդրի մասին տեղյակ են:

«Նախնական պայմանավորվածություն կա, որ ջրատարի այն հատվածում, որին հարակից բնակելի տներ կան, ջուրը կանցկացնեն խողովակաշարի միջոցով։ Այս պահին այն բաց առու է: Բնակիչներն էլ որոշակի մեղավորություն ունեն, իրենք էլ բակը չեն փակում:Կարող են ընդամենը մի քանի մետր երկաթյա ցանց քաշել՝ իրենց իսկ անվտանգության համար: Մենք պատրաստ ենք իրենց օգնել, որ գոնե փակեն, բայց այդ քայլն էլ չեն անում: Ներքևի հատվածում մի 15 տուն կա, մարդիկ երկաթյա ցանցով փակել են: Չգիտեմ՝ ում մտահղացմամբ նախկինում հատկացումներ են արել հետևյալ կերպ. տնամերձի կեսը առվի վերևն է, կեսը՝ ներքևը, ու մարդիկ սեփականության երկու վկայական ունեն: Ընդամենը 500 քմ հող է,որի վրա նաև տունն է կառուցված: Այդ մարդիկ իրենց բակերը փակել են, ոմանք նաև պանելներ են դրել:Ամեն դեպքում, այնպես չէ, որ բարձիթողի վիճակ է, աշխատանքներ տարվում են»,- պարզաբանեցին Վայքի համայնքապետարանից:

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեից էլ տեղեկացրեցին, որջրատարի հետ կապված խնդիրը քննարկման փուլում է, հարցին շուտափույթ լուծում կտրվի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 18:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքիՋերմուկի խճուղու առաջին նրբանցքում կորել է 1 տարեկան երեխա։ Դեպքի վայր ժամանած փրկարարները և ոստիկանները Վայքի մայր ջրատարից դուրս են բերել 1-ամյա Արամ Թ.-ի դին:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս