Ղազախստանի նախագահն ընդլայնել է Նազարբաևի լիազորությունները
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները պետական իշխանության մարմինների համակարգում կադրային քաղաքականության ոլորտում: Փաստաթուղթը հրապարակված է նորմատիվային իրավական ակտերի տեղեկատվական-իրավական համակարգում։
Հրամանագրի համաձայն, նախարարների նշանակումը, բացառությամբ արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ղեկավարների, այսուհետեւ նախագահի կողմից կատարվում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը պահպանած Նուրսուլթան Նազարբաեւի հետ համաձայնեցնելուց հետո:
Բացի այդ, հրամանագրի տեքստի համաձայն, Ղազախստանի նախագահի անմիջական ենթակայության եւ նրան հաշվետու մարմինների ղեկավարների նշանակումը նույնպես պետք է համաձայնեցվի Անվտանգության խորհրդի ղեկավարի հետ: Այդ մարմինների թվում են՝ պետության ղեկավարի վարչակազմը, Գլխավոր դատախազությունը, ազգային անվտանգության կոմիտեն, Ազգային բանկը, հանրապետական գվարդիան, արտաքին հետախուզության ծառայությունը, նախագահի պահպանության ծառայությունը եւ այլ գերատեսչություններ:
Անվտանգության խորհրդի նախագահի հետ այժմ անհրաժեշտ կլինի նաեւ համաձայնեցնել ակիմների՝ մարզերի, հանրապետական նշանակության քաղաքների եւ մայրաքաղաքի վարչակազմերի ղեկավարների նշանակումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: