Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 122 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 24, անձնական ունեցվածքի գողության` 22, խարդախության` 13, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 9-ական, սպանության սպառնալիքի՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, յուրացման կամ վատնման ու գույքի դիտավորությամբ վնասման՝ 3-ական, խուլիգանության, թաղման վայրերն անարգանքի ենթարկելու ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, սպանության, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, կաշառակերության, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու կամ տարածելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի ու ինքնավնասման 1-ական դեպքեր։
Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների՝ 3-ական, ապօրինի ծառահատման ու խարդախության՝ 2-ական, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: