«Ճիշտն ասած, ՍԴ-ի այդ որոշումը մեզ համար զարմանալի էր». Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի հետ կապված հարցը փակուղի չի տանելու, սակայն դրա պատճառով կարող է սահմանադրության անվտանգության խնդիր լինել:

«Չեմ ընդունում այն տարբերակը, որ բոլոր հարցերում մենք ունենք փակուղի, չկա փակուղի, բայց ցանկացած պետական մարմին պետք է գործի այնպես, որպեսզի խուսափի ճգնաժամերից և սահմանադրական անվտանգությանը սպառնացող վտանգներից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը և դուստրերին ԱԱԾ հրավիրելու փաստին, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ չի մեկնաբանում քննչական մարմինների գործողությունները, քանի որ ծանոթ չէ մանրամասներին:

«Մեկ անգամ ևս հորդորում եմ բոլոր լիազոր մարմիներին՝ առաջնորդվել այն լիազորություններով, որոնցով օժտված են»,- շեշտեց նա:

Նա նաև ընդգծեց, որ ԱԺ-ն իր լիազորությունների շրջանակներում միշտ էլ անելիքներ ունի, այդ թվում՝ անդրադառնալ ՍԴ-ի կողմից կայացրած որոշման քննարկմանը:

«Ճիշտ ասած, ՍԴ-ի այդ որոշումը մեզ համար զարմանալի էր: Իհարկե, բոլորս ակնկալում էինք, որ ՍԴ-ն կարող է նաև այդ նախագիծը մերժել: Բայց խնդիրն այն է, որ արդյո՞ք այս փուլում նման ընթացակարգով կարող է նման մերժում տալ, ըստ էության, ոչ: Իմ խորին համոզմամբ՝ քանի որ այն հարցադրումները, որոնք բարձրացված էին աշխատանքային որոշման մեջ, պետք է դառնային քննարկման առարկա»,- շեշտեց նա:

Ըստ նրա, հիմքերից մեկը, որով մերժել է ՍԴ-ն նախագիծը, որևէ կերպով ընդունելի չէ, և ըստ էության ՍԴ-ն վերազանցել է իր լիազորություններն այդ հատվածում:

«Նշում են, որ քանի դեռ ՍԴ-ի երեք դատավորներ չեն դիմել ՍԴ-ին, և կարգապահական պատասխանատվության որևէ դատավոր չի ենթարկվել, ապա այդ հիմքով Ազգային ժողովը չի կարող դիմել ՍԴ-ին՝ Հ. Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար: Սա անընդունելի է»,- շեշտեց Վլադիմիր Վարդանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս