«Մնացել է 35 ժամ». Թուրքիան սպառնում է 35 ժամից վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով TRT World Forum 2019 երրորդ միջազգային համաժողովի բացմանը, հայտարարել է, որ ահաբեկիչները 35 ժամ ունեն Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտուց հեռանալու համար։
«Մնացել է 35 ժամ: Եթե այդ ժամկետում ահաբեկիչները չհեռանան Սիրիայի անվտանգության գոտուց, Թուրքիան կվերսկսի «Խաղաղության ակունք» գործողությունը»,-նախարարի խոսքը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը:
Նա նշել է, որ Անկարան շարունակում է հարվածներ հասցնել քուրդ զինյալներին:
Նախարարը նաեւ ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ այն ժամանակ, երբ Անկարան ու Վաշինգտոնը բանակցություններ էին վարում Եփրատ գետից արեւելք անվտանգության գոտու ստեղծման շուրջ, ԱՄՆ-ը շարունակում էր զենք մատակարարել քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: