Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարը կժամանի Բարսելոնա
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 21-ին կժամանի Բարսելոնա՝ այցելելու բողոքի ակցիաների ընթացքում վիրավորված իրավապահ մարմինների աշխատակիցներին: Այդ մասին հաղորդվում է կառավարության հայտարարության մեջ:
«Կառավարության նախագահի պաշտոնակատար Պեդրո Սանչեսն այսօր կուղեւորվի Բարսելոնա՝ այցելելու այս օրերին անկարգությունների հետեւանքով տուժած ոստիկաններին եւ հանդիպելու պետական անվտանգության ուժերի ու մարմինների հետ, որոնք պատասխանատու են Կատալոնիայի անվտանգության համար»,-ասված է հայտարարության մեջ: Կատալոնիայում հանրահավաքները, ճանապարհների, երկաթուղիների փակումը եւ անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռներ կայացրեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների նկատմամբ անկախության հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ:
Ինքնավար հանրակցության տարբեր քաղաքներում տեղի ունեցած ընդհարումների ընթացքում անցած շաբաթվա սկզբից տուժել է մոտավորապես 800 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների 300-ից ավելի ներկայացուցիչներ, որոնցից 18-ը մինչ այժմ գտնվում են հիվանդանոցներում, մեկը ծանր վիճակում է, ութի վիճակը գնահատվում է՝ շատ ծանր: Բերման է ենթարկվել մոտավորապես 200 մարդ, նրանցից 18-ը գտնվում են նախնական կալանքի տակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: