Հարգանքն այսօրվա հասարակությանը խիստ հակացուցված է
Ատելության խոսքը հանրային (հասարակական) խոսքի դրսևորում է, որն արտահայտում է ատելություն կամ խրախուսում է բռնություն անձի կամ անձանց խմբի նկատմամբ: Այն ընդգրկում է արտահայտությունների բազմաթիվ ձևեր, որոնք տարբեր պատճառներով տարածում, դրդում, խթանում կամ արդարացնում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելությունը, բռնությունը և խտրականությունը:
Ատելության խոսքը լուրջ վտանգ է ներկայացնում ժողովրդավարական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման տեսանկյունից։ Վերջինիս նկատմամբ անտարբերության դրսևորումները կարող են հանգեցնել բռնությունների և բախումների լայն մասշտաբների: Այս իմաստով ատելության խոսքն անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում է:
ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն «ատելության խոսքը» դուրս է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական պաշտպանության շրջանակներից, քանի որ դրսևորվում է 17-րդ հոդվածի (այն է` իրավունքների չարաշահման արգելումը) խախտմամբ և հակասում է Կոնվենցիայի հիմքում դրված հիմնարար սկզբունքներին:
«Ատելության խոսքի» վերաբերյալ ԵվրոպայիԽորհրդի թիվ R (97) 20 հանձնարարականի 2-րդ սկզբունքի համաձայն` անդամ պետությունների կառավարությունները պետք է ստեղծեն կամ պահպանեն ատելության բորբոքման դեմ պայքարի այնպիսի ամուր իրավական հիմքեր, որոնք յուրաքանչյուր դեպքում կապահովեն անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև։
Սա որպես նախաբան: Հայաստանում այսօր իրավիճակն այլ է: Ծանր մթնոլորտը ծնել է ատելության, վիրավորանքների, հայհոյանքների, համոզված հակակրանքների իրավիճակ: Ցանկացած այլ, ընդդիմադիր կարծիք, տարբերվող տեսակետ դառնում է պիտակավորման, ընդհուպ մինչև սպառնալիքների առարկա: Դա հիմնականում արվում է իշխանամերձ շրջանակների կողմից, ինչ էլ իր հերթին ծնում է հակառակ բևեռը, և ստացվում է այն հասարակական թշնամանքի մթնոլորտը, ինչն այժմ ունենք: Հարգանքն այսօրվա հասարակությանը խիստ հակացուցված է:
Այս իրավիճակի շտկման համար ամենակարևորը իշխանության սեփական օրինակն է: Սակայն այս մթնոլորտը իշխանությունների կողմից չի կասեցվում, ընդհակառակը, թվում է, թե խրախուսվում է: Երբ իշխանության բարձր օղակներից պիտակավորում են դատավորներին, երբ լրատվամիջոցի նկատմամբ բռնությանը համարժեք գնահատականներ չեն տրվում, այլ շրջանառվում է չհրահրելու գաղափարը, երբ հասարակությունը բաժանվում է յուրայինների և ոչ յուրայինների, այս դեպքում որքան էլ ԱԺ-ում ատելության խոսքը դատապարտող հայտարարություն պատրաստեն և ընդունեն, միևնույն է սեփական օրինակով հակառակն են ապացուցում:
Երբ իշխանությունն իր օրինակով չի հրահրում անհանդուրժողականություն այլակարծության նկատմամբ, այս դեպքում է, որ կարող ենք փոփոխությունների ակնկալիք ունենալ: Իսկ առայժմ սահմանափակվում ենք միայն ընտրովի մոտեցմամբ: Մի դեպքում, երբ ատելության խոսքը յուրայիններից է գալիս, հազարավոր արդարացումներ և հիմնավորումներ են ներկայացվում, իսկ հակառակ դեպքում հիշում են սիրո, համերաշխության և թավիշի մասին՝ ընդհուպ մինչև ատելության խոսքը քրեականացնող նախագծի անհրաժեշտության մասին հիշատակումները:
Փաստենք, որ հատկապես մտահոգիչ է ատելություն տարածող խոսքի առկայությունը քաղաքական դաշտում և այն, թե որքան սովորական են դարձել նման դրսևորումները հանրային ոլորտում, մասնավորապես՝ համացանցում: Այն, որ անընդունելին դառնում է ընդունելի և վերածվում է «նորմի», իրական սպառնալիք է մարդու իրավունքների համար:
Ասյա Օվանյան
Փաստաբան
«Իմ Ձայնը» նախագիծ