Ի՞նչ պաշտոններ են զբաղեցրել հայտարարագիր չներկայացրած անձինք, որոնց գործերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն
168.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձել է ճշտել, թե հոկտեմբերի դրությամբ պաշտոնյաների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր չներկայացնելու փաստով քանի՞ գործ է ուղարկվել դատախազություն, և խնդրել ենք թույլատրելի սահմանում տեղեկություններ հայտնել այդ անձանց ինքնության վերաբերյալ:
Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանել են. «ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստացել է 4 նախկին պաշտոնատար անձանց (6-րդ գումարման Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության մեկ պատգամավոր, ՀՀ Տավուշի մարզի դատախազության 1 նախկին դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի 2 նախկին քննիչ) կողմից իրենց և իրենց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Վերջիններս ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար, որը դեռևս ընթացքի մեջ է»:
Մարիամ Պետրոսյան