«Կրթություն է խոսելը, կրթական զարգացման կարիք ունի խոսելու, շփվելու ձևը». Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կրթությունը շարունակական գործընթաց է: «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի շրջանակում Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ զրուցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը:
«Շատերը կրթություն ասելով հասկանում են ժամանակաշրջան, որը սկսվում է, ենթադրենք, առաջին դասարանից կամ նախակրթարանից և ավարտվում է համալսարանում: Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է, և այդ է պատճառը, որ հիմա մենք քննարկում ենք մեր երկրում ռազմավարական տեսլական: Այնտեղ մի կետ ունենք և հույս ունենք դա մեր երկրի համար իրականություն դարձնել. դա ձևակերպում ենք հետևյալ կերպ՝ կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ նկատի ունենք մենք սա ասելով: Նկատի ունենք, որ մարդու կրթությունը պետք է շարունակվի ողջ կյանքում: Ես նաև այսպիսի կարգախոս եմ առաջարկել, որ մեզնից յուրաքանչյուրի կրթական, ինտելեկտուալ մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը»,- ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ կրթություն ասելով նկատի չունի, որ պետք է միայն ակադեմիական գիտելիքներ ձեռք բերել, որովհետև ամեն ինչ կրթություն է: «Կրթություն է խոսելը, կրթական զարգացման կարիք ունի խոսելու, շփվելու ձևը: Դա վերաբերվում է բոլորին՝ սկսած արհեստավորից ավարտած արվեստագետով, պետական պաշտոնյաներով և այդպես շարունակ»,- ասաց ՀՀ վարչապետը:
Վարչապետը հավելեց, որ կրթության ամենակարևոր բաղադրիչը ինքնակրթությունն է: «Որովհետև պատկերացրեք դպրոցում, այո, մենք ծրագրեր ենք տալիս, ուսուցիչներ կան, ովքեր տանում են կրթական պրոցեսը, բայց եթե հանկարծ այնպես է ստացվում, որ մարդը չի ուզում դա սովորել, բռնությամբ չես կարող նրան սովորեցնել: Հետևաբար, կրթական համակարգի ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն, որովհետև դասարանում էլ, լսարանում էլ ամենահաջողված աշակերտներն ու ուսանողները նրանք են, ովքեր այդ պրոցեսը չեն ընկալում որպես վարչական որոշում, որ ուրիշներն իրենց պարտադրում են ինչ-որ բան սովորել, այլ իրենք են փորձում հագեցնել իմացության իրենց ծարավը, հետևաբար կրթության ամենակարևոր կոմպոնենտը, իմ կարծիքով, ինքնակրթությունն է»,- ասաց վարչապետը: