Զոհված զինծառայողների ընտանիքները վարչապետի օգնականի հետ հանդիպմանը համաձայնության չեն եկել
Դեռևս նախորդ ամիս Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները պահանջ բարձրացրեցին, որպեսզի Կառավարությունն ուշադրություն դարձնի նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ։ Այսինքն՝ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների օրինակով՝ իրենց ևս 30 միլիոն դրամ միանվագ նպաստ տան:
Նախորդ կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր նրանցից մի քանիսին, այնուհետև հանձնարարել իր օգնականին, որպեսզի ընտանիքները վերջինիս հետ քննարկեն հարցը։
«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի օգնականի հետ հանդիպել է «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը։
«Արդյունքների մասին հայտնի կդառնա երկուշաբթի, երբ տեղի ունենա մեր խորհրդի նիստը, հարցը պետք է քննարկենք, այնուհետև բոլորին տեղյակ կպահենք։ Սակայն, որքանով տեղյակ եմ, հանդիպման ընթացքում ընդհանուր համաձայնության չեն եկել։ Խորհրդի նիստում կհասկանանք, թե հետագայում ինչ պետք է անենք, այս պահին միայն այսքանը կարող եմ ասել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Զվարթ Խաչատրյան