Բաժիններ՝

Շրջում եմ քաղաքում. Տոնի զգացողություն չունեմ. Անահիտ Թարխանյան

Ճարտարապետ, Ճարտարապետների պալատի խորհրդի անդամ Անահիտ Թարխանյանն այսօր առավոտից շրջել է Երևան քաղաքում, սակայն տոնի զգացողություն չի ունեցել։

«Հիմա էլ ղեկին եմ, վարում եմ, շրջում քաղաքի տարբեր փողոցներում, բայց տոնի զգացողություն չունեմ, բայց չէ՞ որ Երևանի տոնը շատ կարևոր է, այն չպետք է անգամ մեկ օր նշել, տոնի նախորդող օրերը ևս պետք է տոնական լինեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  Թարխանյանը։

Նրա համոզմամբ՝ Էրեբունի-Երևան 2801-ամյակի համար հատկացված 150 մլն դրամը փոքր գումար չէր, և դրա շրջանակում էլ կարելի է տոնի հետ կապված հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել։

«Կարելի էր անգամ երթ կազմակերպել, այլ տեսակի շեշտադրումներ անել, անել այնպես, որ հասարակական լայն զանգվածները դառնային տոնի մասնակից, իրենք դառնային այդ միջոցառումներ իրականացնողները, սակայն ես այժմ նման բան չեմ տեսնում»,- ասաց  Թարխանյանը։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքի 2801-ամյակի միջոցառումների համար հատկացրել է 150 միլիոն դրամ, իսկ նախորդ՝ 2018 թվականին, նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի 2800-ամյակի համար նախապես հատկացված 1 միլիարդ 700 միլիոն դրամը կրճատել էր՝ ծախսերը հասցնելով 300 միլիոն դրամի։

Անահիտ Թարխանյանից հետաքրքրվեցինք նաև Երևանի քաղաքապետարանի և Ճարտարապետների պալատի համագործակցության մասին։

Ի պատասխան՝ Թարխանյանը շեշտեց՝ չկա համագործակցություն։

«Զարմանում եմ՝ չեն բարձրաձայնվում անգամ ճարտարապետական և քաղաքաշինական հանրային քննարկումներ պահանջող հարցերը, նման քննարկումներ չեն լինում, թեև Հայկ Մարությանի նախընտրական ծրագրում այդ մասին հատուկ կետ կար։ Չեն օգտագործվում ո՛չ Ճարտարապետների պալատի,  ո՛չ  մասնագիտական այլ հարթակների ընձեռած հնարավորությունները։ Սա փողի հետ կապ չունի, սա ընդամենը ցանկության հարց է»,- ասաց  Անահիտ Թարխանյանը։

Հարցին՝ այդ հարթակները չի օգտագործում նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյա՞նը, Ճարտարապետների պալատի խորհրդի անդամը  պատասխանեց.

«Կարծում էի՝ Արթուր Մեսչյանն այդ քննարկումները կազմակերպելու առաջամարտիկը պետք է լիներ, բայց ոչ, այդպես չէ։ Մենք և բազմաթիվ ճարտարապետներ չգիտենք՝ ի՞նչ է կատարվում քաղաքում, բարձրաձայնում ենք հանրային քննարկումների պահանջը, բայց քաղաքապետարանից արձագանք չկա, և արդեն ստիպված ենք քաղաքապետին դիմել բաց նամակներով»:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս