«Որևէ մեկին չի հաջողվի ստվեր գցել իմ կենսագրության վրա». Խոսրով Հարությունյանը՝ Արման Բաբաջանյանին դատի տալու մասին
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում խոսեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին դատի տալու պատճառների, Արցախի հարցի, հայ-ռուսական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ:
2019 թվականի ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, երբ Գարեգին Բաղրամյանն ընտրվում էր ՀԾԿՀ նախագահ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով թեկնածու Բաղրամյանին՝ ասել է. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր հէկ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար, և ակնհայտ է, որ այդ ոլորտներում բազմաթիվ օրինախախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո և մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ, Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս հէկ-եր կառուցելու, ու շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ, որևէ ձևով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնել հանձնաժողովի որոշումների ընթացքում»:
Խոսրով Հարությունյանը նշեց, որ Բաբաջանյանի հայտարարությունից հետո հենց նույն օրը փորձել է կապ հաստատել նրա հետ, բայց իր հեռախոսազանգերը մնացել են անպատասխան:
«Ես կապվել եմ նաև Էդմոն Մարուքյանի հետ, որովհետև Բաբաջանյանն այն ժամանակ նրանց խմբակցության անդամ էր, Մարուքյանին ասել եմ, որ հորդորի իրենց խմբակցության անդամին՝ հերքել իր այդ հայտարարությունը, որը չի համապատասխանում իրականությանը: Ես գրավոր եմ դիմել Արման Բաբաջանյանին, Էդմոն Մարուքյանին, նաև Արարատ Միրզոյանին եմ տեղեկացրել այդ մասին: Ոչ մի արձագանք չի եղել: Մեկ շաբաթ սպասելուց հետո, բնական է, որ ես պետք է դիմեի դատարան»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով՝ ինքը ոչ մի կապ չունի այն ամենի հետ, ինչի մասին հայտարարել է Արման Բաբաջանյանը:
Խոսրով Հարությունյանը նկատեց՝ բացի հանրապետության նախագահի պաշտոնից, գրեթե բոլոր պաշտոններում եղել է, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետն է, իրեն կարելի է շատ բաներում քննադատել, բայց փորձել իրեն մեղադրել, որ պաշտոնն օգտագործել է՝ սեփական նպատակներին ծառայեցնելու համար, ու դրանով ստվեր գցել իր կենսագրության վրա, ըստ նրա՝ որևէ մեկին չի հաջողվի:
Անդրադառնալով Արցախի հարցին՝ Խոսրով Հարությունյանն ասաց, որ, երբ Փաշինյանը հայտարարեց ՝«Արցախը Հայաստան է, և վերջ», արձանագրվեց, որ ոչ միայն Արցախը չի կարող այլևս վերադառնալ բանակցային սեղան, այլև, որ այս կոնֆլիկտի հիմնական առարկան տարածքային վեճն է Հայաստանի և Ադրբեջանի միջև.
«Այն, ինչ Ադրբեջանն անընդհատ ասում է: Նախկին իշխանությունները, որոնց այսքան քննադատում են, ցանկացած գնով հասնում էին նրան, որ համանախագահների հայտարարություններում միշտ ամրագրվում էր ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել, որ Ալիևը խոսի տարածքային վեճի մասին, և որպեսզի ընդհանրապես ինքնորոշման գաղափարը մեջտեղից դուրս գա, նա արդեն ասում է, որ դա ժողովուրդ չէ՝ ազգաբնակչություն է: Մենք նման քայլերով նպաստավոր պայմաններ ենք ստեղծում և լեգիտիմացնում ենք Ադրբեջանի՝ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու ցանկությունները»:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Խոսրով Հարությունյանը հետևյալն ասաց. «Ցավոք սրտի, հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավ օրերը չեն ապրում: Այստեղ այսօրվա իշխանությունները լուրջ մտորելու տեղիք ունեն: Մենք պետք է Ռուսաստանի, ինչպես և՝ ցանկացած պետության հետ լինենք անկեղծ»:
Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում