«Սրանից հետո զարմանալի չեն լինի քաղաքական սպանությունները, «Մարտի 1»-երը. իշխանությունն անցել է բարոյականության բոլոր գծերը». Աղասի Ենոքյան

«Գնում է հանրային կարծիքի լուրջ մանիպուլյացիա: Հեղափոխությունը եղավ, որ մարդիկ լավ ապրեն, հետո ասվեց, որ լավ ապրելու համար պետք է արդարություն հաստատվի, ինչի համար անհրաժեշտ է Ռոբերտ   Քոչարյանին նստեցնել, նրանց նստեցնելու համար պետք է Հրայր Թովմասյանը դուրս գա ՍԴ նախագահի պաշտոնից»,- այս մասին նշեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով 168.am-ի դիտարկմանը, թե հանրության մեջ կարծիքներ են հնչում, որ ԱԱԾ-ն հատեց գծերը, երբ ԱԱԾ հրավիրեց ՍԴ նախագահի հորը և դուստրերին:

Ա. Ենոքյանը հավելեց, որ սահմանները հատել է ներկա իշխանությունը. «Բոլոր տեսակի գծերը անցել են և փաստորեն անցել են ոչ թե գաղտնի գործողություններով, այլ հնարավորինս հանրայնացնելով»:

Ըստ քաղաքագետի՝ հասարակության մեջ անգամ անալոգներ են տարվում 1937 թվականի հայտնի իրադարձությունների հետ.

«Հանրության մեջ էլ փորձ է արվում այդ ստորին բնազդներն արթնացնել՝ արդեն սկսում են մատնագրեր գրելը, «ստուկաչներն» են հայտնվում: Սա, ես կարծում եմ, վատ է, բարոյականության այնպիսի կոպիտ ոտանահարում է, որից հետո ոչինչ արդեն զարմանալի չի լինի: Սրանից հետո զարմանալի չեն լինի քաղաքական սպանությունները, «Մարտի 1»-երը, ես կարծում եմ՝ իշխանությունն անցել է բարոյականության բոլոր գծերը»:

««Ստուկաչները» ժամանակին սովորական քաղաքացիներն էին, այսօր մենք ունենք «ստուկաչներ», ովքեր ԱԺ պատգամավորներ են: Մարդիկ, թողած հանցագործներին, ընկել են ՍԴ նախագահի հետևից, քրոջ վրա են հարձակվում, թոշակառու հորն ու դուստրերին են կանչում ԱԱԾ»,- հավելեց վերլուծաբան Նարեկ Սամսոնյանը:

Մեր դիտարկմանը, թե տեղեկություն կան, որ Հրայր Թովմասյանի հայրն այս պահին ԱԱԾ-ում է, Ա. Ենոքյանն ասաց. «Նման կոշտ քայլերով փորձ է արվում ցույց տալ, թե ինքը ուժեղ պետություն է, իրականում հակառակն է, անձնական հարցեր է լուծում, բայց պետությունը վերանում է: Հանցագործները տեսնում են՝ իշխանավորները զբաղված են իրենց անձնական հարցերը լուծելով, այդ պատճառով փողոցում բեսպրեդել է»:

Ն. Սամսոնյանի կարծիքով՝ նման իրավիճակ չի եղել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, և ո՛չ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս