Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում, չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնությանը. Al Mayadeen
Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 18-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում վերսկսել են գրոհները Ռաս Էլ Այն քաղաքի վրա, չնայած ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությանը: Այս պնդմամբ հանդես է եկել Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներ:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ քաղաքի մի քանի թաղամասերում վերսկսվել են հրաձգությունն ու բախումները:
Թուրքիայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Դրա նպատակն արաբական հանրապետության հյուսիսում բուֆերային գոտու ստեղծումն է, որը պետք է պաշտպանական գոտի դառնա Թուրքիայի սահմանի համար եւ ուր, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կկարողանան վերադառնալ սիրիացի փախստականները:
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է 120 ժամով կասեցնել իր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնը եւ Անկարան պայմանավորվել են արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: