Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունից հետո, չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ. Չեխիայի նախագահ
Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունը պատերազմական հանցագործություն է, ուստի Թուրքիան չի կարող ընդունվել Եվրամիություն: Այս մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է հարցազրույցում, որը հոկտեմբերի 17-ին հեռարձակվել է Պրահայի Barrandov հեռուստաալիքով:
«Կարծում եմ, որ Թուրքիան պատերազմական հանցագործություն է կատարել, ուստի նա առնվազն չի կարող ընդունվել Եվրամիություն»,- ասել է նա:
«Քրդական ստորաբաժանումներն ամենագործուն ուժն էին ԻՊ-ի դեմ պայքարում: Մենք նրանց կարիքն ունեինք, երբ հարկավոր էր կռվել ԻՊ-ի դեմ: Այնուհետեւ Ամերիկան, Եվրոպան դավաճանեցին քրդերին»,- հայտարարել է Զեմանը:
Անկարան, նրա պնդմամբ, մասնակցել է ԻՊ-ի ֆինանսավորմանը: «Թուրքիան դե ֆակտո ֆինանսավորում էր ԻՊ-ին՝ նրանից նավթ գնելով: Թուրքերի կողմում կռվում է այսպես կոչված թուրքական միլիցիան: Դա ոչ այլ ինչ է, քան ԻՊ-ի ճյուղավորումը»,- նշել է Չեխիայի ղեկավարը: Բացի այդ, նրա համոզմամբ՝ ռազմական գործողությունը նպաստում է թուրքական հասարակության իլամացմանը:
«Թուրքիան մոտենում է արմատական իսլամիզմին, այն իսլամիզմին, որը սպանություններ է կատարում: Դա ցուցադրվեց Սիրիայի հյուսիսում»,- հավելել է Զեմանը:
Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանը հոկտեմբերի 15-ին քվեարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ձեռնարկելու օգտին, որոնք կստիպեին Անկարային կանգնեցնել ռազմական գործողությունը:
Խորհրդարանականները նաեւ պաշտպանել են Թուրքիայի նկատմամբ զենքի արգելանքին հանրապետության միանալու վերաբերյալ Չեխիայի կառավարության կողմից հոկտեմբերի 14-ին ընդունված որոշումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: