«Սասնա ծռերը» քարտ բլա՞նշ են ստացել վարչապետի կողմից. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի սկզբին Փաշինյանի հետ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը ակտիվ քննարկումների եւ քննադատությունների ալիք բարձրացրեց, սակայն Փաշինյանը այնպես ներկայացրեց իրավիճակը, կարծես թե իր եւ «Սասնա ծռերի» հարաբերությունների ջերմացումը բնականոն երեւույթ է:
Եվ երբ նայում ենք քաղաքական զարգացումների տրամաբանությանը, ապա տպավորություն է առաջանում, որ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից հետո «ծռերը» քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից, եւ դա է պատճառը, որ նրանք վերջին շրջանում ակտիվացել են՝ չնայած որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին կարողացան հազիվ 20 հազար քվե հավաքել. ժողովուրդը պարզապես մերժեց նրանց։
Եվ քանի որ նրանք վստահության պոտենցիալ չունեն, որ կարողանան հանրային կյանքում օրակարգ թելադրել, հանդես են գալիս ծայրահեղական եւ վտանգավոր գաղափարներով:
Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ամեն քայլափոխի նրանք խոսում են պատերի տակ հյուսվող դավադրությունների եւ ահագնացող ռեւանշիզմի մասին:
Ավելին, հետապնդելով իրենց շահը՝ նրանք նպատակ ունեն վարչապետ Փաշինյանին կտրուկ քայլերի մղել, իսկ դրա արդյունքում վարչապետի համար նոր պրոբլեմներ ի հայտ կգան, էլ ավելի կնվազի նրա վարկանիշը:
Հենց այդ ժամանակ էլ «Սասնա ծռերը» հնարավորություն կստանան իշխանությանը դրդել իրենց երազանքի իրականացմանը՝ նոր արտահերթ ընտրությունների անցկացմանը, որի մասին անընդհատ ակնարկում են Ժիրայր Սէֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը:
Հայաստանում ակտիվանալուց զատ «ծռերը» փորձում են նաեւ իրենց ուժերը չափել Արցախում, բայց վերջերս անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ «Սասնա ծռերին» մերժում են նաեւ արցախցիները:
Եվ այս հանագամանքը հաշվի առնելով՝ այս ուժն սկսեց նոր սադրանքների դիմել, որով ոտնահարում են Արցախի ինքնիշխանությունը:
Արցախի հարցում «Սասնա ծռերի» դիրքորոշումն այն է, որ բանակցային պրոցեսը ծուղակ է, որից դուրս գալու համար պետք է Արցախը միացվի Հայաստանին: Նրանք չեն ընդունում Արցախի՝ ինքնիշխան պետություն լինելու հանգամանքը եւ հայտարարում են, թե Արցախը Հայաստանի մաս է:
Թերեւս սրանով էր պայմանավորված, որ «Սասնա ծռերը» բավականին խանդավառությամբ ընդունեցին Ստեփանակերտում վարչապետի այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է:
Ճիշտ է, Արցախը Հայաստանին միավորելը բոլորիս ցանկությունն է, բայց գոյություն ունի դա իրականացնելու ճանապարհ, որը ենթադրում է նախ Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչում որպես անկախ պետություն, որից հետո էլ տեղի կունենա նրա միավորումը Հայաստանի հետ:
Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ գոյություն ունեցող բանակցային ձեւաչափի անտեսումը եւ հայտարարությունները, թե Արցախը Հայաստանի մարզ է, շատ վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ հայկական կողմի համար:
Իսկ Ադրբեջանը նման մի առիթ է փնտրում, որ միջազգային հանրությանը ցույց տա, թե հակամարտությունն իրենց եւ Հայաստանի միջեւ է, ապա դրանից հետո վերսկսի ռազմական գործողությունները:
Սակայն սա «Սասնա ծռերին» չի հետաքրքրում, նրանց համար ամենակարեւորը կարճաժամկետ դիվիդենտներն են ու պղտոր ջրում ձուկ որսալը, եւ քանի իրենք ունեն վարչապետի թույլտվությունը, ավելի բացահայտ քայլերի են անցնում՝ ընդհուպ մինչեւ Արցախի ֆլեշմոբեր են կազմակերպում սոցցանցերում, ասենք՝ ցույց տալով, թե իբր իրենք նկարվել են «Արցախի մարզպետարանի» դիմաց:
«Սասնա ծռերի» այս սադրիչ քայլերին պետք է գնահատական տրվի իշխանության կողմից, այլապես նրանք կարող են անցնել ավելի ծայրահեղ քայլերի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: