Արսեն Թորոսյանն ազատվեց ՔՊ-ական փոխնախարարից. նա նախարարի պոտենցիալ թեկնածու էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանի տեղակալների մասով կարմա է գործում. ինքը պինդ մնում է տեղում, նրանք զրկվում են պաշտոնից` քրեական գործերով են անցնում կամ էլ պաշտոնից ազատվում»,- ասաց առողջապահության նախարարության աշխատակիցը:

Հիշեցնենք․ օրերս աշխատանքից ազատվեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ «Նա միակն էր «Քաղպայմանագրից»` նախարարությունում։ Պատճառն Արարատ Միրզոյանի հետ վեճն էր ԱԺ-ում, բայց լուր տարածվեց, որ նրա հայրն անցնում է «Հայաստան» հիմնադրամի` Արա Վարդանյանի գործով։

Սակայն իրական պատճառն այն էր, որ Արսեն Թորոսյանն օգտվեց առիթից եւ ազատվեց միակ ՔՊ-ականից, որը բավականին լուրջ ձայներ էր բերել ՔՊ-ին` Գյումրուց, եւ նախարարի պոտենցիալ թեկնածուներից մեկն էր։

Արսեն Թորոսյանը վերջին շրջանում պրոբլեմներ է տալիս բոլոր ուղղություններով, այդ թվում եւ՝ Աննա Հակոբյանի հետ հարաբերությունների, եւ հնարավոր է մի օր նրան ազատելու հարցը կանգնի»:

Մենք զանգահարեցինք նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանին։ Ո՞րն էր Ձեր՝ աշխատանքից ազատման պատճառը։ «Ես չեմ պատասխանում այդ հարցերին։ Այս պահից սկսած` բոլոր այդ հարցերն անձնական բնույթի են, դիմեք նախարարության մամլո խոսնակին։ Երեք տարի չեմ հանգստացել, փորձում եմ հանգստանալ»:

Կարծես նեղացա՞ծ եք ձերոնցից։ «Ոչ»: Արդա՞ր որոշում էր։ «Ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, անհրաժեշտության դեպքում էլի կծառայեմ»: Գո՞րծ են խոստացել։ «Չէ՜, ես Ձեզ իրավիճակն եմ ներկայացնում»: Ասում են` Ձեզ «փուռը» տվեց նախարարը, «դվա վ օդնոմ» արեց՝ հա՛մ Արարատ Միրզոյանին «բավարարեց», հա՛մ էլ Ձեզնից ազատվեց` ըստ ամենայնի օգտագործելով Ձեր հոր հետ կապված խնդիրը։ «Դա մամուլի կարծիքն է, ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Արսեն Թորոսյանի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս