Բենքսիի ինտերնետ-խանութը սկսել է պատվերներ ընդունել
Փողոցներում նկարող բրիտանացի Բենքսիի կողմից ստեղծված «սպառողական ապրանքների» ինտերնետ-խանութը հոկտեմբերի 16-ին սկսել է պատվերներ ընդունել: Նրա կայքում կարելի է թողնել Բենքսիի երկու տասնյակ ստեղծագործությունների ձեռքբերման հայտեր, որոնց մեծամասնությունն ունի միայն մի քանի օրինակ:
Ինչպես ավելի վաղ բացատրել է գրաֆիտիների հեղինակն ինքը, ե՛ւ Gross Domestic Product («Համախաառն ներքին արդյունք») անվանումը կրող առցանց-խանութը, ե՛ւ Լոնդոնի հարավում երկու շաբաթ գործած ցուցահանդեսային սրահը, որտեղ կարելի էր ապակու միջով տեսնել դրա տեսականին, ստեղծվել են, որպեսզի Բենքսին կարողանա պաշտպանել սեփական անունն օգտագործելու իրավունքը:
«Ես խանութ եմ բացում: Այն կոչվում է Gross Domestic Product: Վաճառքում են արվեստի ստեղծագործություններ, տան համար ապրանքներ եւ հիասթափություն»,- հավելել է նկարիչն իր վերջին գրառման մեջ: Կայքի այցելուներին նախազգուշացնում են, որ նրանցից շատերը, ովքեր փորձում են գնել Բենքսիի արվեստանոցում ստեղծված առարկաները, հիասթափվելու են:
Գնածի դիմաց անմիջապես վճարել չի կարելի, կարելի է միայն մինչեւ հոկտեմբերի 28-ը հայտարարել աշխատանքներից մեկը գնելու ցանկության մասին: Այն անձինք, ում դրանք բաժին կհասնեն, կորոշվի պատահականորեն՝ մի քանի օր անց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: