Բաժիններ՝

Փոխնախարարն ապտակե՞լ է քաղաքացուն ընդունելության ժամանակ

Շուրջ մեկ ամիս է՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմում ծածուկ քննարկում են փոխնախարարներից մեկի հետ կատարված միջադեպը, որ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելության ժամանակ:

Ընդ որում, միջադեպ ասվածը նկարագրվում է երկու հիմնական վարկածով՝ ծեծկռտուք քաղաքացու և փոխնախարարի միջև, կամ՝ հրմշտոց փոխնախարարի սենյակում:

Տեղեկությունը ստուգելու նպատակով փորձեցինք կապ հաստատել փոխնախարարի կամ նրա սենյակում այդ հանդիպմանը ներկա գտնված պաշտոնյաներից որևէ մեկի հետ, սակայն չհաջողվեց: 168.am-ի տեղեկություններով՝ խնդիրն առաջացել է ընդունելության քննություններին առնչվող հարցի պատճառով:

Կրթության գծով փոխնախարար Գրիշա Թամրազյանը քաղաքացիների ընդունելության ժամանակ աշխատասենյակ եկած քաղաքացուն լսելուց հետո բացատրել է նրան, որ այն, ինչ ակնկալվում է իրենից, հնարավոր չի լինի մոտակա ժամկետներում՝ զուտ տեխնիկական պատճառով:

Քաղաքացին, սակայն, ըստ մեր աղբյուրի, պնդել է, որ հետհեղափոխական Հայաստանում ինքն ու իր նմանները պիտի որ խնդիր չունենան, որովհետև հեղափոխական հավաքների հարթակից և դրանից հետո այդպես է խոստացել վարչապետ Փաշինյանը:

Մասնավորաբար՝ ինչ հարց է բարձրացվել, ինչի մասին է խոսքը, աղբյուրը ոչ մի կերպ չի ցանկանում մանրամասնել՝ պատճառաբանելով, թե աղոտ է հիշում քաղաքացու բարձրացրած խնդիրը:

Քաղաքացու պահանջը չբավարարած փոխնախարարն արագ ավարտել է հանդիպումը, որ մյուսին ներս հրավիրի, սակայն տղամարդը հրաժարվել է հեռանալ՝ ասելով, որ հնչած պատասխանը չի բավարարում իրեն: Նա խնդրել է իրեն ուղեկցել նախարար Արայիկ Հարությունյանի մոտ, սակայն հրաժարվել են, և նա պնդել է, որ չի հեռանա, քանի դեռ նախարարը չի լսել իրեն, և պահանջել է կանչել նրան:

Փոխնախարար Թամրազյանի կոշտ մերժումը լսելուց հետո՝ քաղաքացին ձայնի տոնը բարձրացրել է, սկսել է սկանդալ սարքել, թե՝ անհապաղ կանչեք նախարարին, կամ՝ ասեք, որ, եթե ինքն ի վիճակի չէր իր ոլորտում փոքր հարցեր լուծել, բա ինչի՞ էին «մեզ հետևներից քցում, փողոցներ փակելով՝ հեղափոխություն պահանջում»:

Քաղաքացու սադրիչ խոսքերից հետ, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ փոխնախախարը բորբոքվել է և փորձել է կոպիտ տոնով դուրս հրավիրել տղամարդուն, սակայն նա չի ենթարկվել, ինչից հետո իրավիճակը սրվել է այն աստիճան, որ փոխնախարարը հունից դուրս գալով՝ հարվածել է տղամարդուն: Միջամտել են հանդիպմանը մասնակից երկու վարչության պետերը, որպեսզի իրավիճակը հարթեն:

Սա այն վարկածն է, որ պտտվում է նախարարության միջանցքներում: Սակայն Կառավարություն հասած քաղաքացու բողոքից հետո նաև մյուս վարկածն է շրջանառվում, համաձայն որի՝ ծեծկռտուք իրականում տեղի չի ունեցել, պարզապես լարված մթնոլորտում իրար չհասկացող տղամարդկանց բաժանել են այն պահին, երբ «սուտի հեղափոխականներ» լսելուց հետո՝ փոխնախարարը տեղից կտրուկ վեր է կացել, որպեսզի ապտակի տղամարդուն, սակայն ներկաները միջամտել են, ու  ավարտվել է հրմշտոցով՝ փոխնախարարի սենյակում:

Այս միջադեպից հետո անցել է մեկ ու կես ամիս, ու առայժմ ազատման հրամանի մասին նույնիսկ բամբասանքներ չկան:

Թերևս, քիչ թե շատ համոզիչ է թվում երկրորդ վարկածը, զուտ այն պատճառով, որ միջադեպից հետո կառավարություն հասած «ծեծված» քաղաքացու բողոքի գրությունից հետո վարչապետի կողմից գուցե ներվեր, ծածկադմբոց արվեր ու պլստար ցանկացած հեղափոխական պաշտոնյա, բայց ոչ ՀՀԿ ական ակունքներում թրծված նախկին փոխնախարարը, որը հանդգներ ապտակել ՀՀ հպարտ քաղաքացուն և մարսել կառավարություն մտած դիմում-բողոքից հետո:

Իսկ Գրիշա Թամրազյանը, հիշեցնենք, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտորն էր մինչև հեղափոխությունը:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս