Դմիտրի Ադբաշյանը՝ ամերիկացի միլիոնատիրոջ ցանկության և Ryanair-ի՝ Հայաստանի երկինք հասնելու մասին

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Այս մասին երեկ ազդարարել են Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, «Արմենիա» միջազգային օդանավակայանների ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանից դեպի Հռոմ, Միլան, իսկ ավելի ուշ՝ նաև դեպի Բեռլին։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը, ով հյուրընկալվել է 168TV«Ռեվյու» հաղորդաշարին, ողջունեց Ryanair-ի մուտքը Հայաստան՝ այն համարելով  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի երիտասարդ ղեկավար Տաթևիկ Ռևազյանի առաջին լուրջ հաջողությունը։

«Սա մեր ժողովրդին հույս է ներշնչում, որ մենք ժամանակի ընթացքում ոտքի կկանգնենք և կստեղծենք մեր սեփական ավիացիան՝ հաշվի առնելով այս ընկերության փորձը։ Ի դեպ, դա անելու համար մեզ որևէ բան չի խանգարում։ 1985 թվականին երեք հոգի, որոնցից երկուսը՝ հասարակ տոմսավաճառներ, իսկ երրորդը՝ մեծահարուստ, միասին ստեղծեցին Ryanair ընկերությունը, իսկ հիմա նրանց ինքնաթիռների թիվը հասնում է 450-ի»,- հաջողության հասած ընկերության պատմությունն է հիշում Ադբաշյանը՝ հավելելով, որ, եթե այս ընկերությունը  Հայաստան գալով՝ կընդլայնի իր աշխատակիցների քանակն ու է՛լ ավելի կհզորանա, ապա ՀՀ քաղաքացիները կունենան էժան տոմս գնելու հնարավորություն։

Հարցին, որ, թեև հասարակության մոտ մեծ ոգևորություն է առաջացրել 35 եվրոյով  եվրոպական երկիր հասնելու հնարավորությունը, բայց կան նաև մտահոգություններ, որ Կառավարությունը չի պարզաբանում այն լուրերը, ըստ որոնց՝ պետբյուջեից էլ ամեն քաղաքացու համար հատկացվելու է ևս 75 դոլար, Դմիտրի Ադբաշյանը պատասխանեց, որ պետական բյուջեից կարելի է գումար հատկացնել, եթե դրան զուգահեռ՝ սկսվեն սեփական ավիացիայի ստեղծման աշխատանքները։

«Բայց նախ՝ դրա համար անհրաժեշտ է օդային օրենսգիրք. Եթե հիմա մեզ մոտ հայտնվեն երեք հոգի, որոնք իռլանդացիների նման կցանկանան որևէ բան անել, չեն կարող, որովհետև լավ մշակված օդային իրավաբանական դաշտ մենք չունենք»,- ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը։

Հայտնի ավիատորը մեզ հետ զրույցում հիշեց հայտնի միլիոնատերերից մեկի փաստաբանի հետ իր հանդիպումներից մեկը։

«Մի քանի ամիս առաջ հանդիպել եմ ամերիկացի միլիարդատիրոջ իրավաբանի հետ, ով հայտնեց, որ իր ղեկավարը ցանկանում է կապ հաստատել Երևանի և Լոս Անջելեսի հետ, հարցրեց՝ ինչպե՞ս է դա հնարավոր։ Ես ասացի, որ՝ թող ձեր այդ մեծահարուստ ղեկավարը գա, մենք մեր երկրում ունենք գրանցված ավիաընկերություն, կարող ենք իրեն տալ այդ ավիաընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը, ինքն իր ինքնաթիռները լիզինգով թող տա այդ ընկերությանը, քանի որ մենք փող չունենք, որ լիզինգով վերցնենք,  ու սկսի աշխատանքները։ Այդ իրավաբանը հարցրեց՝ եթե այդքան լավ և հեշտ է ամեն ինչ, ինչո՞ւ մինչև հիմա որևէ բան չի ստացվել։ Ես էլ ասացի, որ ամենավատ բանը, որը կա, այն է, որ Հայաստանը չունի օդային օրենսգիրք»- ասաց Ադբաշյանը՝ ընդգծելով, որ զարգանալու համար Հայաստանը պետք է ստեղծի սեփական ավիաընկերությունները։

Դմիտրի Ադբաշյանի խոսքով՝ վերջերս Երևանում էին հավաքվել նաև աշխարհի տարբեր երկրներում աշխատող ինքնաթիռների հրամանատարները, որոնք իր հետ զրույցում ասել են, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց  դա չեն անում, որովհետև այստեղ գործ չկա։

Հարցին՝ ավիացայի զարգացման ռազմավարություն Հայաստանը փաստորեն չունի՞, Ադբաշյանը պատասխանեց. «Որևէ մեկը դրանով չի զբաղվում»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս