ՌԴ ԱԳՆ-ի գնահատականը Նժդեհի գործունեությանն ակտուալ է նաև այսօր
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին:
Լրագրողի հարցին, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են ապամոնտաժել հայկական տաճարի տարածքում ամրացված Նժդեհի հուշատախտակը, ինչպե՞ս դրան կարձագանքեն իշխանությունները, Զախարովան պատասխանեց, որ Ռուսաստանում եկեղեցին պետությունից անկախ է գործում:
Ըստ նրա, եթե հարցին մոտենանք գլոբալ տեսանկյունից, ապա պետք է վերադառնալ պատմությանը:
«Այդ տեսանկյունից մենք մեր գնահատականները տվել ենք՝ ինչպես այս ձևաչափով՝ բրիֆինգների ընթացքում, այնպես էլ՝ ԱԳՆ էջում հրապարակված մեր հատուկ զեկույցում: Մեր այդ գնահատականն ակտուալ է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից»,- ասաց Զախարովան:
Միևնույն ժամանակ Զախարովան նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Կրասնոդարի Արմավիր քաղաքում, թե ինչպես են գործում տեղական իշխանությունները, և ինչ նախաձեռնություններ կան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Աշգաբադում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ սուր արձագանքեց Գարեգին Նժդեհի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությանը:
Երեք տարի առաջ Երևանում մեծ աղմուկ էր բարձրացրել Մարիա Զախարովայի անդրադարձը Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը Երևանի կենտրոնում: «Բոլորը գիտեն մեր վերաբերմունքը Հայրենական Մեծ պատերազմի, ինչպես նաև նացիզմի, ռասիզմի, ծայրահեղականության հերոսացման նկատմամբ: Այդ հարաբերությունները ամրագրված են նաև միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, ինչու է այդ արձանը տեղադրվել: Չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի անմահ սխրանքը Հայրենական պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում»,- ասել էր նա: