Հիմար մի եղիր. միջազգային մամուլի գլխագրերում Էրդողանին ուղղված Թրամփի նամակն է

Միջազգային մամուլի գլխագրերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակն է՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: The Guardian-ը գրում է, որ «Դոնալդ Թրամփը նախազգուշացնում է իր գործընկերոջն` ասելով՝ մի եղիր հիմար»: Պարբերականը նամակի բովանդակությունից բացի, ներկայացրել է որոշ կոնգրեսականների մեկնաբանությունները՝ տարբեր որակումերով՝ կատակ, խաղ, խելագարություն և այլն: Նրանք սկզբում կասկածի տակ են դրել նամակի իսկությունը՝ չհավատալով, որ Սպիտակ տնից նման նամակ կարող է դուրս գալ:

CNN-ը, ներկայացնելով նամակը, գրել է, որ նախագահ Թրամփը հորդորում էր Թուրքիային ռազմական գործողություն չսկսել Սիրիայի հյուսիսում: ՏԱՍՍ գործակալությունը, անհավանական որակելով նամակը, նշել է, որ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը:

«Եկեք մի լավ պայմանավորվածություն ձեռք բերենք։ Դուք չեք ցանկանում պատասխանատվություն ստանձնել հազարավոր մարդկանց կոտորելու համար, իսկ ես չեմ ցանկանում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը փլուզելու համար: Ես բավականին ջանք եմ գործադրել ձեր որոշ խնդիրներ լուծելու համար։ Մի՛ թողեք աշխարհը քանդվի։ Դուք կարող եք հոյակապ լուծում գտնել։ Գեներալ Մազլումը (Սիրիայի հյուսիսի քրդական զորամիավորումների՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդ, գեներալ Մազլում Քոբանի Աբդի-խմբ.) ցանկանում է բանակցել ձեզ հետ և ցանկանում է այնպիսի զիջումների գնալ, որոնց նախկինում երբեք չէին գնա նրանք։ Ես գաղտնի կերպով կցում եմ ինձ ուղղված նրա նամակը, որը հենց նոր եմ ստացել։ Պատմությունը ձեզ դրական լույսի ներքո կհիշի, եթե դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով։ Հակառակ պարագայում, եթե դրական իրադարձություններ տեղի չունենան, պատմությունը ձեզ ընդմիշտ կնայի որպես սատանայի։ «Լավ տղա» մի՛ եղիր։ Հիմար մի՛ եղիր»,-ասված է նախագահ Թրամփի նամակում:

Թուրքական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, թե Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի ուղարկած սկանդալային նամակը՝ մերժելով նրա առաջարկը: Թուրք հայտնի լրագրող Ահմեթ Հաքանը, հղում կատարելով անանուն աղբյուրի, նշել է, թե այդ նամակի լավագույն պատասխանը հոկտեմբերի 9-ին ժամը 16:00-ին «խաղաղության ակունք» ռազմական գործողությունն է:

Տեսանյութեր

Լրահոս