Հայաստանն ու Կորեայի Հանրապետությունը կարող են հաջողությամբ համագործակցել գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կորեայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեն (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առիթով՝ Հանրապետության նախագահն ասել է. «Թեպետ մենք աշխարհագրորեն հեռու ենք միմյանցից, սակայն այնքան բան կա, որ կարող ենք անել միասին: Մենք երկու հին ժողովուրդներ ենք, որոնք ունեցել են պատմական բարդ շրջաններ, սակայն երկուսս էլ ունենք վերապրողի որակներ: Լիահույս ենք, որ որպես դեսպան պաշտոնավարելու Ձեր ժամանակահատվածը կլինի արդյունավետ ու կծառայի երկու երկրների միջև համագործակցությանն ու բարեկամությանը, նոր, այդ թվում և՝ տնտեսական նախագծերի իրականացմանը»:
Կարևորելով համագործակցությունը մշակութային ոլորտում՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է ավելի հաճախ ներկայացնել կորեական մշակույթը Հայաստանում, այդ թվում՝ նախագահական նստավայրում, որը բաց է համերգների ու ցուցադրությունների համար, և որտեղ արդեն իսկ անցկացվել են մշակութային տարբեր միջոցառումներ:
Դեսպան Լի Սոկ-Բեն Հայաստանի նախագահին է փոխանցել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Ինձ համար մեծ պատիվ է այս հիանալի երկրում՝ Հայաստանում ծառայել որպես Կորեայի Հանրապետության դեսպան: Կանեմ առավելագույնը՝ սերտացնելու հարաբերությունները երկու երկրների միջև»:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել գիտության և տեխնոլոգիաների, մասնավորապես, մաթեմատիկայի և արհեստական բանականության բնագավառներում: Կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի ու շփումների ակտիվացումը, միմյանց ավելի լավ ճանաչելն ու հնարավորություններին ծանոթանալը:
Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության ներուժին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ներկայումս սերտ համագործակցում է ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում և կարող է համագործակցության լավ կամուրջ լինել: Կորեայի դեսպանն ասել է, որ իր երկիրն ուսումնասիրում է եվրասիական շուկայի հնարավորությունները և ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական ավելի սերտ համագործակցության հնարավորությունները: