
Մարին լե Պենը մտադիր է 2022 թվականին մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին

«Ազգային միավորման» ղեկավար Մարին լե Պենը մտադիր է 2022 թվականին իր թեկնածությունն առաջադրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, եթե ստանա կուսակցության կողմնակիցների աջակցությունը: Այդ մասին նա հոկտեմբերի 17-ին հայտարարել է «Եվրոպա-1» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Ամբողջ կյանքում ցանկացել եմ տեսնել, թե ինչպես է երկիրն ազատվում խնդիրներից: Միայն «Ազգային միավորման» առաջարկությունները կարող են լուծել մեր երկրի խնդիրները, ուստի ես դա կվերցնեմ ինձ վրա, եթե կուսակցության անդամներն այլ որոշում չընդունեն»,-ասել է նա՝ պատասխանելով ընտրությունների վերաբերյալ հարցին:
«Ես մտադիր եմ դա անել, որովհետեւ հավատում եմ մեր համոզմունքներին եւ կարծում եմ, որ ես այն մարդն եմ, որը համարձակություն ունի դրանք կյանքի կոչելու»,-նշել է լե Պենը, ընդգծելով, որ «դա չի բացառում հնարավոր այլ թեկնածությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: