Բաժիններ՝

Կատալոնիայի ղեկավարը հանդես է եկել անկախության հարցի շուրջ նոր հանրաքվե անցկացնելու օգտին

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան գտնում է, որ անհրաժեշտ է նոր հանրաքվե անցկացնել տարածաշրջանի անկախության հարցի շուրջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է հոկտեմբերի 17-ին՝ ելույթ ունենալով Կատալոնիայի խորհրդարանում:

«Եթե քվեատուփերի համար մեզ դատապարտեցին հարյուր տարվա բանտարկության, ապա պատասխանն ակներեւ է՝ հարկավոր է վերստին քվեատուփեր տեղադրել ինքնորոշման հարցի շուրջ քվեարկելու համար»,-ասել է նա:

Ընդսմին Տորան ընդգծել է, որ «դատարանը չի խանգարի Կատալոնիայի ղեկավարին՝ առաջ մղելու այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են նրա ինքնորոշման իրավունքին»: Իսպանիայի Սահմանադրական դատարանը նախօրյակին նախազգուշացրել է Տոռային՝ քրեորեն պատժելի հետեւանքների մասին՝ ինքնորոշման իրավունքի հետ կապված դատական որոշումների խախտման դեպքում:

Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, Կատալոնիայի կառավարության ղեկավարը հավելել է, որ 2020 թվականի գարնանը կառաջարկվի Կատալոնիայի Սահմանադրության նախագիծը: Կատալոնիայում արդեն հարյուրից ավելի մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում: Տարածաշրջանի իրավապահ մարմինների եւ արտակարգ ծառայությունների տվյալներով՝ առնվազն 20 մարդ է բերման ենթարկվել տարբեր հանրահավաքների ու ցույցերի ընթացքում բռնարարքներին մեղսակցության կասկածանքով:

Ընդամենը չորեքշաբթի օրվա բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ: Նշվում է, որ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա, ինչպես նաեւ հրկիզել են աղբարկղեր ու ավտոմեքենաներ: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան Կատալոնիայում վերսկսվել են բողոքի ակցիաները: Ցուցարարները փակել են մի շարք փողոցներ ու երկաթուղիներ: Կատալոնիայում զանգվածային անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռներ կայացրեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների նկատմամբ 2017 թվականի անկախության հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ: Ինը մարդ մեղավոր է ճանաչվել խռովության կազմակերպման մեջ եւ դատապարտվել 9-ից մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, երեք մարդ մեղավոր է ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել տուգանքի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:ֆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս