«Թուրքիայի ռազմական գործողությունը տանում է նոր անորոշության». Մերկել
Սիրիայում զգալիորեն աճել է Մոսկվայի եւ Թեհրանի դերը այնտեղից ամերիկյան ուժերի հեռանալուց հետո, ինչի հետեւանքներն առայժմ դժվար է կանխատեսել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում հանդես գալով ԵՄ-ի գագաթնաժողովի օրակարգի վերաբերյալ կառավարական հայտարարությամբ:
«Երբ ես խոսում եմ Սիրիայում Թուրքիայի գործողության աշխարհաքաղաքական հետեւանքների մասին, ապա արդեն հարկավոր է խորհել այն մասին, որ Ռուսաստանի դերն Իրանի հետ միասին զգալիորեն աճել է տարածաշրջանում այն բանից հետո, երբ դուրս բերվեցին ամերիկացի զինվորները»,-ասել է նա: «Այդ զարգացման հետեւանքներն այսօր դեռեւս հնարավոր չէ կանխատեսել»,-ընդգծել է նա:
«Արդեն միայն ուշադրության առնելով «Իսլամական պետությունը»՝ Թուրքիայի ռազմական գործողությունը տանում է նոր անորոշության»,-նշել է Մերկելը: «Դա անորոշության է տանում այնտեղ, տարածաշրջանում ու Եվրոպայում»,-հայտարարել է Մերկելը, հավելելով, որ Անկարայի գործողության հետեւանքով ԻՊ-ի կալանավորված մասնակիցները կարող են հայտնվել ազատության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: