Բաժիններ՝

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց հանդիպակաց գոտի դուրս գալու տուգանքի ավելացման նախագծին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկած նախագծին: Դրանով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու համար վարչական տուգանքի չափը բարձրացնել՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի 150-ապատկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ  Վահե Էնֆիաջյանը:

«Այս նախաձեռնությունը կրում է բացառապես մեկ միտում՝ կանխարգելել նման անցանկալի դրսևորումները: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատկի չափով»,-ասաց Էնֆիաջյանն ու հավելեց՝ ներկայում վարչական իրավախախտումներով նախատեսվում է տուգանք՝ 30 հազար դրամի չափով:

Մինչև նախաձեռնությամբ հանդես գալն ԲՀԿ-ն ուսումնասիրություն է իրականացրել վերջին երկու տարիների ժամանակահատվածում: Էնֆիաջյանի խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը վկայում է այն մասին, որ դրանք տարեցտարի աճում են: 2018-ի առաջին 5 ամիսներին եղել է 1362 պատահար, որի հետևանքով մահացել է 114 մարդ, 1976 հոգի ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ: 2019-ի առաջին 5 ամիսներին եղել է 1366 պատահար, որի հետևանքով 122 մարդ մահացել է, 2413 հոգի ստացել են տարբեր տիպի մարմնական վնասվածքներ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց կառավարության տեսակետը: «Նպատակն ընկալելի է, սակայն օրենսգրքի համապատասխան հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ վարչական տուգանքը, որպես պետական հարկադրանքի միջոց, պետք է համապատասխանի նաև համաչափության սկզբունքին: Պրակտիկան էլ ցույց է տալիս, որ սանկցիաներն ուղղակի բարձրացնելը կանխարգելման լավագույն մոտեցումը չէ»,-նշեց նա ու հավելեց՝ կառավարությունն առաջարկել է այս պահին ձեռնպահ մնալ առանձին հատվածական տուգանքներ սահմանելուց, գնալ համակարգային կարգավորման ճանապարհով:

Քվեարկությամբ նախագիծը հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս