Իտալիայում բացվում է Հռոմի կինոփառատոնը
Հռոմի միջազգային կինոփառատոնը, որը հոկտեմբերի 17-ին 14-րդ անգամ է բացվում Իտալիայի մայրաքաղաքում, կմեկնարկի ամերիկացի դերասան Էդվարդ Նորթոնի «Որբերի Բրուքլինը» կինոնկարի պրեմիերայով, որն այս աշխատանքում հանդես է եկել ե՛ւ որպես ռեժիսոր, ե՛ւ որպես սցենարի հեղինակ: Ժապավենում, որը հանդիսատեսին խորասուզում է 20-րդ դարի կեսերի Նյու Յորքի մթնոլորտի մեջ, նաեւ նկարահանվել են Ալեք Բոլդուինը, Ուիլեմ Դեֆոն եւ Բրյուս Ուիլիսը:
Նորթոնը փառատոնի շրջանակներում ստեղծագործական հանդիպում կունենա հանրության հետ: Ստուգատեսի հյուրերի թվում կլինեն նաեւ համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, ամերիկացի ռեժիսոր Իթան Քոենը, ամերիկացի դերասաններ Ջոն Տրավոլտան, ինչպես նաեւ Բիլ Մյուրեյը, որը կարժանանա պատվավոր մրցանակին:
Ընդամենն այս տարի տարբեր ծրագրերում, ներառյալ հատուկ ցուցադրությունները, ներկայացված են 33 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր:
Դրանց թվում է Մարտին Սքորսեզեի վերջին՝ «Իռլանդացին» ֆիլմը՝ Ռոբերտ դե Նիրոյի եւ Ալ Պաչինոյի մասնակցությամբ: Հռոմի կինոփառատոնը ոչ մրցութային ստուգատես է, այն կոչված է հանրությանը ծանոթացնել արդի համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն նմուշներին: Ուստի միակ հաղթողին ընտրում են հանդիսատեսները՝ ինտերակտիվ քվեարկության ճանապարհով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: