Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից, հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 4-ին Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար հանցագործության մասին դիմում է հանձնել դատախազությանը:

«Որպես ԱԺ պատգամավոր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018-ին այդ պաշտոնի ճանապարհին թույլ տված օրինախախտումներին: Ըստ էության առանց ընդունված կարգի՝ առանց Հրայր Թովմասյանի դիմումի, այս ժամանակվա ԱԺ նախագահի կողմից գոյություն չունեցող հիմնավորմամբ դադարեցվել են Թովմասյանի պատգամավորական լիազորությունները: Գոյություն չունեցող հիմնավորումներով մարդը չի կարող պատգամավորական լիազորություններից ազատվել: Իմ խորին համոզմամբ՝ նա միաժամանակ շարունակել է մնալ պատգամավոր և ՍԴ-ի անդամ, ապա նախագահ մինչև 2019-ի հունվարի 14-ը»,-ասել է Բաբաջանյանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս