Մնուչինը Թուրքիային սպառնացել է հավելյալ պատժամիջոցներով

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե նա չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse (AFP)-ը:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի իր պաշտոնակից Սերջո Մատարելայի հետ հոկտեմբերի 16-ին Սպիտակ տանն անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ «ավերիչ պատժամիջոցներ» կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը համաձայնության չհասնի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայանալիք հանդիպմանը:

Հոկտեմբերի 16-ին Էրդողանը Sky News հեռուստաալիքի լրագրողին հայտարարել էր, որ մտադիր չէ շփվել Փենսի հետ, քանի որ պատրաստ է երկխոսություն վարել միայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո Փենսի ներկայացուցիչ Քեթի Ուոլդմանը հայտարարել էր, որ փոխնախագահը, այդուամենայնիվ, այցով կուղեւորվի Թուրքիա:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Էրդողանն, այնուամենայնիվ, հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Էրդողանը նաեւ պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին, որը Թուրքիա է ուղեւորվում Փենսի հետ միասին:

Հոկտեմբերի 14-ին նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:

Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության եւ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ պետական կորպորացիաների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս