Նարուհիտո կայսեր գահակալման աթիվ շքերթը կարող է հետաձգվել թայֆունի պատճառով
Ճապոնիայի կառավարությունը «Հագիբիս» թայֆունի հետեւանքների պատճառով կարող է հետաձգել տոնական շքերթը Նարուհիտո կայսեր գահակալման առթիվ, որը պլանավորված է հոկտեմբերի 22-ին: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը: Հեռուստաընկերության տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությունը քննարկում է Տոկիոյում տոնական երթի հետաձգման հարցը, որը նախատեսվում էր անցկացնել հաջորդ երեքշաբթի օրը կայսեր գահակալության արարողությունից հետո: Կառավարությունը վկայակչում է «Հագիբիս» թայֆունի հետեւանքների դեմ պայքարելու անհրաժեշտությունը:
Տարերքի հարվածից երկրում զոհվել է առնվազն 74 մարդ: Թայֆունն իր հետ բերել է ուժգին քամիներ ու առատ անձրեւ: Պաշտոնյաները նշում են, որ շատ շրջաններում երկու օրում տեղացել է տարեկան նորմայի մինչեւ 40 տոկոսը: Ջրասույզ է եղել ավելի քան 13 հազար տուն, եւս ավելի քան 1100 տուն մասնակիորեն ավերվել է: Սաստիկ անձրեւներն ավելի քան 100 սողանք են առաջացրել ամբողջ երկրում: Մոտավորապես 12 հազար տուն դեռեւս մնում է առանց էլեկտրականության կամ ջրի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: