Թրամփը Փելոսիին մեղադրել է Սպիտակ տանը հանդիպումը վիժեցնելու մեջ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ոչ թե ինքը, այլ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին է հունից դուրս եկել Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որն ավարտվել Է կոնֆլիկտով:
«Նյարդային Նենսիի անհավասարակշիռ արարքը»,- գրել է Թրամփը Twitter-ում: Նա կցել է լուսանկար, որտեղ Փելոսին կանգնած Է սեղանի շուրջը եւ մատնացույց Է անում հակառակ կողմը, որտեղ նստած է Թրամփը: Փելոսին պատասխանել է առանց բառերի՝ այդ լուսանկարը գլխավորը դարձնելով Twitter-ի իր Էջում: Դրանից հետո Թրամփը Twitter-ում շարունակել է ծաղրել Փելոսիին:
«Նենսիին շտապ օգնություն Է հարկավոր: Կամ նրա մոտ ուղեղի հետ կապված ինչ-որ բան կարգին չէ, կամ էլ նա պարզապես չի սիրում մեր հիանալի երկիրը: Նա միանգամայն դուրս է եկել հունից Սպիտակ տանը: Շատ տխուր էր դրան նայելը: Աղոթեք նրա համար, նա շատ հիվանդ մարդ է»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Ավելի վաղ դեմոկրատները լքել են Թրամփի հետ հանդիպումը, որտեղ պետք է քննարկվեր Սիրիայի իրադրությունը: Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերը հայտարարել է, որ Թրամփը վիրավորում Էր դեմոկրատներին, մասնավորապես, Փելոսիին անվանել Է «երրորդ սորտի քաղաքական գործիչ»: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 16-ին ընդունել է բանաձեւ՝ դատապարտելով ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիս-արեւելքից դուրս բերելու Թրամփի որոշումը:
Փաստաթղթի օգտին քվեարկել է 354 կոնգրեսական, դեմ՝ 60-ը, եւս չորսը ձեռնպահ են մնացել: Ավելի վաղ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում Թրամփի իմպիչմենթի ընթացակարգ են սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: